Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը հանդես է եկել ուղերձով իր պաշտոնական տելեգրամյան ալիքում։
«Արդեն գրեթե երկու շաբաթ է, ինչ մեր ընկերության պահեստները ենթարկվում են ահաբեկչական հարձակումների։ Ինչո՞ւ հենց մեր պահեստները։ Wildberries-ը ժողովրդական մարքեթփլեյս է, որից օգտվում է մեր երկրի գրեթե յուրաքանչյուր բնակիչ, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիներ։ Հետևաբար, մեզ հասցվող հարվածները միաժամանակ հարվածներ են տասը երկրներում ապրող հարյուր միլիոնավոր մարդկանց՝ մեր աշխատակիցներին, վաճառողներին, արտադրողներին, լոգիստիկ գործընկերներին, պատվերների տրամադրման կետերի (ՊՏԿ) սեփականատերերին, հազարավոր այլ ձեռնարկատերերի, կատարողներին և գնորդներին, որոնց թվում կան նաև սոցիալապես անապահով մարդիկ։
Wildberries-ի ենթակառուցվածքների նկատմամբ հարձակումները խաղաղ բնակիչների դեմ ուղղված հարձակումներ են։ Եվ կրկին ընդգծեմ՝ ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիների։ Մեր էկոհամակարգում բիզնես են վարում տասնյակ հազարավոր մարդիկ Ղրղզստանից, Բելառուսից, Ղազախստանից, Հայաստանից, Ուզբեկստանից և Չինաստանից։ Այս երկրների ձեռնարկատերերը նույնպես կրել են միլիարդավոր վնասներ։
Համացանցում տեսնում եմ «բազմոցային փորձագետների» քննարկումները մեր օբյեկտների պաշտպանության, հակաօդային պաշտպանության և այլ թեմաների վերաբերյալ։
Կրկնում եմ՝ մեր պահեստները համալրված են պաշտպանության բոլոր հասանելի միջոցներով։ Հարձակումների առաջին իսկ օրվանից մենք ամեն օր ուժեղացնում և ամրապնդում ենք պաշտպանական համակարգը՝ կիրառելով նաև ինժեներական լուծումներ։ Հասկանալի պատճառներով մանրամասներ չեմ կարող հայտնել, սակայն վստահ եղեք՝ մենք ամեն օր արդիականացնում ենք պաշտպանության համակարգերը։ Այն փաստը, որ մեզ հաջողվում է հետ մղել հարձակումների մեծ մասը, դրա ուղղակի ապացույցն է։
Այժմ ցանկանում եմ պատմել մեր օբյեկտների հրդեհային անվտանգության մասին։ 2024 թվականից, երբ ստեղծվեց մեր միավորված ընկերությունը, մենք, փառք Աստծո, ամբողջությամբ վերակառուցեցինք պահեստների հրդեհային անվտանգության համակարգը։ Այս երկու տարիների ընթացքում ստեղծել ենք սեփական հակահրդեհային ստորաբաժանումներ, բոլոր օբյեկտները համալրել ենք ամենաժամանակակից հրդեհաշիջման համակարգերով, ինքներս արտադրում ենք անհրաժեշտ բաղադրիչները և պարբերաբար անձնակազմի համար կազմակերպում ենք տարհանման վարժանքներ։
Մեր խոշոր գործընկերների համար մենք մեր հաշվին ավելացրել ենք մշտական գնորդի զեղչը նրանց ապրանքների նկատմամբ, տրամադրել ենք վարկային արձակուրդներ մեր բանկում, ինչպես նաև ներդրել ենք աջակցության մի շարք այլ միջոցներ։
Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնենք փոքր և միջին բիզնեսին հաղթահարել այս բարդ իրավիճակը։ Որովհետև Wildberries-ը հենց դուք եք։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին աջակցության համար։ Միասին մենք ավելի ուժեղ ենք։»
Աղբյուր՝ b24.am
