Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով լողացող արժեկտրոնով պարտատոմսեր։ Սա ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանի կապիտալի շուկայում իրականացվող հերթական ներդրումային նախաձեռնությունն է, որն ուղղված է տեղական արժույթով ֆինանսական գործիքների զարգացմանը, ֆինանսավորումների հնարավորությունների ընդլայնմանը և Հայաստանի ֆինանսական շուկայի խորացմանը։
Տեղաբաշխումը նախատեսված է 2026 թվականի հուլիսի 7-ին Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)` աճուրդի միջոցով:
Թողարկման տեղաբաշխողն է Կոնվերս Բանկը, որը Հայաստանի կապիտալի շուկայում առաջատար դերակատարներից է և վերջին տարիներին իրականացրել է կորպորատիվ մի շարք պարտատոմսերի տեղաբաշխումներ։
ՎԶԵԲ-ի դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը ևս մեկ կարևոր նախագիծ է Բանկի համար՝ ընդգծելով վերջինիս փորձառությունն ու մասնագիտացումը կապիտալի շուկայի գործարքների կազմակերպման և ներդրումային լուծումների ոլորտում։
Տվյալ պարտատոմսերի մարման ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնը՝ լողացող, որը կապված է ՀՀ 6 ամսական պետական պարտատոմսերի եկամտաբերության հետ:
ՎԶԵԲ-ի կողմից դրամային պարտատոմսերի թողարկումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի ֆինանսական համակարգի համար, նպաստելով դրամային կապիտալի շուկայի զարգացմանը:
Աղբյուր՝ www.1in.am
