Bankomat

Ռուսաստանը պատրաստ է քննարկել սահմաններ տանող երկաթուղային հատվածների վերականգնման մանրամասները

Լուրեր | 2026/09/01 03:01

Ռուսաստանը պատրաստ է քննարկել սահմաններ տանող երկաթուղային հատվածների վերականգնման մանրամասները

Արարատ Միրզոյանը նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է քննարկել վերականգնման հարցերը

«Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի սահմաններ տանող երկաթուղային հատվածների վերականգնման մանրամասները»,-այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով, 2–3 օր առաջ հայկական կողմը ռուսական կողմից ստացել է Երասխ–Նախիջևան և Ախուրիկ–Թուրքիա սահմանային հատվածները «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով վերականգնելու ազդակ։

«Այդ ազդակը խոսում է այն մասին, որ իրենք պատրաստակամ են հասկանալ, քննարկել նյուանսները, թե ով որքան է ներդնելու և այլն»,-հայտարարեց նախարարը։

Անդրադառնալով ՌԴ-Հայաստան հարաբերություններին՝ Միրզոյանն ասաց. «Ռուսաստանը, ըստ էության, իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է քան ռազմավարական գործընկերը, մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, որը ավելին է քան ռազմավարական գործընկերը»;

Նրա խոսքով՝ Հայաստանը և ՌԴ-ն միևնույն տնտեսական ինտեգրացիոն տարածքում են՝ ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում, սակայն Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։

«Բայց մենք ունենք երկկողմ պայմանագրեր և պարտավորություններ, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ նաև պաշտպանական ոլորտում, հետևաբար պետք չէ արհեստական թեմաներ» հայտարարեց Միրզոյանը՝ նշելով որ դրան զուգահեռ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում որոշակի խնդիրներ են առաջացել, որոնք նկատելի են մեդիայում, պաշտոնյաների հայտարարություններում և Ռուսաստանի կառավարության առանձին որոշումներում, օրինակ գյուղմթերքի, ծաղիկների, հանքային ջրերի, ալկոհոլի հայկական արտահանման սահմանափակումների մասով;

«Ես կարող եմ ասել, որ սրանից հետևում է, որ մեր հարաբերությունները որոշակի վերաքննարկման, առողջացման փոխադարձ հարգանքի հուն վերադարձնելու խնդիր ունենք։ Մենք կարծում ենք որ մեր ռուսաստանցի գործընկերները ավելի հարգանքով պետք է վերաբերեն մեր ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքին»,-հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը։

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ