2026 թ․ օգոստոսի 21-ին իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել խմբային գանգատ՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ։ Գանգատը ներկայացվել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի, գեներալ-մայոր և նախկին ավագ զինվորական հրամանատար Դավիթ Մանուկյանի, գեներալ-լեյտենանտ, Պաշտպանության բանակի նախկին նախարար Լևոն Մնացականյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի, Գարիկ Մարտիրոսյանի, Լևոն Բալայանի, Դավիթ Ալլահվերդյանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի, Գուրգեն Ստեփանյանի և Մելիքսեթ Փաշայանի վերաբերյալ։
Գանգատում բարձրաձայնվում է Ադրբեջանի կողմից 15 հայերի նկատմամբ իրականացված «դատավարությունների» անհամապատասխանությունը Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը։ Բաքվի ռազմական դատարանում իրականացված «դատավարությունները» կրել են շինծու և կանխորոշված բնույթ՝ զուրկ լինելով անկախ և անաչառ քննության հիմնարար երաշխիքից։
Միաժամանակ, դատավարությունից առաջ և դրա ընթացքում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը, ամբաստանյալներին հրապարակայնորեն ներկայացրել են որպես «ահաբեկիչներ», «ռազմական հանցագործներ» և «անջատողականներ»՝ նախքան նրանց մեղավորության վերաբերյալ դատական ակտի կայացումը։
Գանգատում բարձրացվում են նաև պաշտպանության իրավունքի խախտման հարցեր։ Մասնավորապես, 422 հատորից և շուրջ 105 հազար էջից բաղկացած գործի նյութերի մեծ մասը հասանելի չի եղել պատշաճ թարգմանությամբ։
Գերիներին հնարավորություն է տրվել միայն ընթերցելու «դատավճիռը», որի վրա առկա չեն եղել պաշտոնական կնիք կամ դրա իսկությունը հավաստող այլ վավերապայմաններ։
Գանգատը ներկայացվել է հասարակական գործունեության շրջանակում՝ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» և «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի» հետ համագործակցությամբ։
Աղբյուր՝ panorama.am
