Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել հուլիսի 24-ին և 25-ին երկրում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումների կապակցությամբ՝ Քրեական օրենսգրքի 318-րդ՝ սաբոտաժի հոդվածով (պետական ձեռնարկության կամ այլ կարևոր օբյեկտների բնականոն գործունեության խաթարումը, ինչպես նաև դրանց վնասումը կամ ոչնչացումը՝ Վրաստանի պետական շահերին սպառնալու նպատակով):
Նշենք, որ հոսանքազրկումները երկրով մեկ են եղել․ ամբողջ Վրաստանը մնացել էր առանց էլեկտրականության, երկաթուղին և Թբիլիսիի մետրոպոլիտենը ևս չէին գործում:
Ավելի ուշ «Վրաստանի պետական էլեկտրահամակարգ» ընկերությունը հայտնեց, որ էլեկտրամատակարարումը վերականգնվել է, իսկ տեղի ունեցածի պատճառները պարզվում են:
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին իր հերթին լրագրողների հետ զրույցում էլեկտրաէներգիայի լայնածավալ այս անջատումները որակել էր որպես աննախադեպ երևույթ և նշել, որ եթե տեղի ունեցածը սաբոտաժ է կամ արտաքին միջամտության արդյունք, ապա հետաքննությամբ բոլոր հանգամանքները կպարզվեն:
Աղբյուր՝ 168.am
