Bankomat

TRIPP զարգացման ընկերությունում ԱՄՆ-ին կպատկանի 74, Հայաստանին՝ 26 տոկոս բաժնեմաս

Լուրեր | 2026/07/16 16:03

TRIPP զարգացման ընկերությունում ԱՄՆ-ին կպատկանի 74, Հայաստանին՝ 26 տոկոս բաժնեմաս

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի վավերացման նախագծին

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի՝ TRIPP -ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին:

Նախագիծը ՀՀ կառավարության հուլիսի 16-ի նիստում ներկայացրեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ որոշման ընդունմամբ մեկնարկում է համաձայնագրի վավերացման գործընթացը:

«Այս որոշմամբ մենք, ըստ էության, սկսում ենք Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև TRIPP նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը»,- ասաց Միրզոյանը:

Նախարարը հիշեցրեց, որ շրջանակային համաձայնագիրը 2026 թվականի մայիսի 26-ին Երևանում նախաստորագրվել է իր և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից:

Համաձայնագրով Հայաստանը և ԱՄՆ-ն կհիմնադրեն TRIPP զարգացման ընկերությունը:

Այն Հայաստանի տարածքում տարբեր գոտիներում առանձին նախագծերի իրականացման համար կկարողանա հիմնել հատուկ նշանակության ընկերություններ:

TRIPP զարգացման ընկերությունը համապատասխան գոտիներում կստանա հողօգտագործման և կառուցապատման իրավունք՝ նախնական 49 տարի ժամկետով:

Այդ ժամանակահատվածում ընկերության բաժնեմասերի 74 տոկոսը կպատկանի ԱՄՆ-ին, իսկ 26 տոկոսը՝ Հայաստանին:

49 տարվա ավարտից հետո կողմերի համաձայնությամբ համագործակցությունը հնարավոր կլինի երկարաձգել ևս 50 տարով:

«Ժամկետի երկարացման պարագայում կապահովվի, որ Հայաստանի Հանրապետությունն ունենա ընկերության բաժնեմասերի 49 տոկոսը»,- ասաց Միրզոյանը:

Աղբյուր՝ armenpress.am

Տարածել

Կարդացեք նաեվ