Goldman Sachs-ի վերլուծաբանները խստացրել են նավթավերամշակման համաշխարհային շուկայի վերաբերյալ իրենց կանխատեսումները՝ մատնանշելով առաջարկի աճող դեֆիցիտը։ Դրա պատճառներն են Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտությունները և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև առճակատումը։ Բանկի փորձագետները նաև բարձրացրել են դիզելային վառելիքի արտադրության շահութաբերության գնահատականները՝ դրանք ավելի քան կրկնապատկելով։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Զեկույցում նշվում է, որ Մերձավոր Արևելքի երկրներում և Ռուսաստանում նավթավերամշակման գործարանների աշխատակիցների գործադուլների ալիքն ավելի է խորացրել համաշխարհային նավթավերամշակման հզորությունների առանց այն էլ բարդ իրավիճակը։ Դա, իր հերթին, հանգեցրել է նավթամթերքի մարժաների աճին։
«Դիզելային վառելիքը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում՝ դրա բարձր պահանջարկի պատճառով», – ընդգծվում է զեկույցում։
Փորձագետների հաշվարկներով՝ ներկայում նավթավերամշակման գործարանների պարապուրդի ծավալը 60%-ով գերազանցում է սեզոնային ստանդարտ ցուցանիշները։ Միևնույն ժամանակ, պատրաստի արտադրանքի պաշարները նվազում են, թեև դրա նկատմամբ պահանջարկը նույնպես անկում է ապրում։ Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն՝ հաջորդ տարի դիզելային վառելիքի մեկ բարելի վերամշակումից ստացվող միջին շահույթը՝ Brent տեսակի նավթի արժեքից վեր, ԱՄՆ-ում կկազմի 63 դոլար, իսկ Եվրամիությունում՝ 49 դոլար։ Համեմատության համար՝ նախկինում սպասվում էր համապատասխանաբար 27 և 19 դոլար։
Համաշխարհային տնտեսությունը բախվել է վառելիքային ճգնաժամի, որի պայմաններում բենզինի և նավթամթերքի այլ տեսակների գներն աճում են զգալիորեն ավելի արագ, քան հում նավթի արժեքը։ Իրավիճակը կարող է ավելի սրվել այն բանից հետո, երբ Ռուսաստանը մինչև սեպտեմբեր երկարաձգեց դիզելային վառելիքի արտահանման արգելքը, ինչպես նաև Բրազիլիայում սպառման աճի պատճառով։ Բրազիլիան վառելիքի ներմուծման ծավալով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում։ Լրացուցիչ ճնշման գործոն կլինի Հյուսիսային կիսագնդում սպասվող ձմեռը, որը կմեծացնի ջեռուցման համար վառելիքի պահանջարկը։
Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքին, ապա Պարսից ծոցի տարածաշրջանից հում նավթի արտահանումը, ամենայն հավանականությամբ, վերականգնվել է մինչև նախապատերազմյան մակարդակի 70-80%-ը։ Սակայն տարածաշրջանից պատրաստի նավթամթերքի մատակարարումները դեռևս կազմում են մոտ 40%-ը։
«Լիարժեք վերականգնման համար անհրաժեշտ է համաշխարհային աշխարհաքաղաքական լարվածության թուլացում», – եզրակացնում են զեկույցի հեղինակները։
Աղբյուր՝ b24.am
