Bankomat

Թեղուտի հանքը նոր սեփականատեր ունի

Լուրեր | 2026/07/12 06:01

Թեղուտի հանքը նոր սեփականատեր ունի

Թեղուտի հանքավայրը վաճառվել է նոր ընկերության

Թեղուտի պղնձի, մոլիբդենի հանքավայրը վաճառելու գործարքը ՎՏԲ-ն ավարտել է, հանքն ունի նոր սեփականատեր։ Շուրջ 8 տարի չկատարած վարկային պարտավորությունների դիմաց «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերն անցել էին ռուսական բանկին։ Գարնանը ռուսական կողմը հայտնել էր, որ մոտ է պղնձի արտադրությամբ զբաղվող օբյեկտի վաճառքին։ Հայաստանի բանկային համակարգի նախկին ներկայացուցիչներից մեկը վերջերս բանկից ըստ էության ժառանգել է «Թեղուտ»-ի պարտքը ու վաճառել այլ անձի, ում անունը չի հրապարակվում։

Թեղուտի հանքավայրը երկրորդն է Հայաստանում պղնձի ու մոլիբդենի պաշարներով, գնահատված պաշարները հասնում են 450 մլն տոննա հանքաքարի։ Թեղուտում կա նաև լեռնահարստացման կոմբինատ, որ շահագործման հանձնվեց ավելի քան 10 տարի առաջ։ Հանքը շահագործում էր «Վալլեքս գրուպ» ընկերությունը, որի սեփականատերը գործարար Վալերի Մեջլումյանն էր։ 2018-ին հայտնի դարձավ, որ «Վալլեքս գրուպ»-ը չի կարողանում մարել ՎՏԲ-ից վերցրած վարկային պարտավորությունները, ու 380 մլն դոլար պարտքի դիմաց հանքն անցավ ռուսական պետական մասնակցությամբ ՎՏԲ բանկին։ Այժմ, ըստ իրական շահառուների հայտարարագրի, «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 49.95 տոկոսը պատկանում է ՎՏԲ-ին, ընկերության բաժնետերերի ցանկում են նաև Նորիկ Պետրոսյանն ու Ռուսաստանի քաղաքացի Պավել Կորիչնևը։ ՎՏԲ-ն այս ընթացքում ընկերությունը վաճառելու մտադրության մասին էր հայտնել, քանի որ ինչպես նախկին տնօրենն էր ասել, բանկը չի կարող հանք շահագործել։

Այս տարվա ապրիլի 22-ին ՎՏԲ բանկի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոստինը հայտարարեց, թե բանկը պղնձի հանքավայրի վաճառքի վերջին փուլում է։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունների՝ «Թեղուտ»-ի բաժնետոմսերի ձեռքբերմամբ հետաքրքրված էր Կոնստանտին Սոկոլովը, ով հայկական բիզնեսում ավելի հայտնի է որպես հեռահաղորդակցության օպերատոր «Վիվա Հայաստան»-ի սեփականատեր։

ՄՊՀ-ն հավանություն է տվել Թեղուտի գործարքին

Հունիսի 11-ին Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով է դիմել «Կուպրար ՌԱ» ընկերությունը՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը ձեռք բերելու թույլտվություն ստանալու դիմումով։ Հուլիսի 7-ին հանձնաժողովը բավարարել է դիմումն ու թույլատրել է «Կուպրար ՌԱ»-ի ու «Թեղուտ»-ի համակենտրոնացումը։ Հանձնաժողովը չի հրապարակել տեղեկություններ «Կուպրար ՌԱ»-ի բաժնետերերի, ընկերության ակտիվների, հասույթի չափի մասին։

Ըստ ռեգիստրի՝ ընկերությունը հիմնադրել է այս տարվա փետրվարին Սերգեյ Վիրաբյանը, ով եղել է նաև ընկերության տնօրենը, վերջինս մինչև հունիսի 5-ը եղել է նաև «Կուպրար ՌԱ»-ի միակ բաժնետերը։ Վիրաբյանը 2011-2014 թվականներին աշխատել է Կառավարությունում՝ հանդիսանալով «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի» ղեկավար։

Վիրաբյանը վերցրել է ՎՏԲ-ի պարտքն ու վաճառել

«Ազատություն»-ը մի քանի հարց ուղղեց Սերգեյ Վիրաբյանին։ Նա հաստատեց, որ եղել է «Կուպրար ՌԱ»-ի տնօրենը, սակայն հրաժարվել է նշել, թե ով է այժմ ընկերության սեփականատերը։

«Թեղուտ»-ի՝ ՎՏԲ-ին չմարած վարկային պարտավորությունների ծավալը, ըստ 2024-ի հաշվետվության, կազմում էր ավելի քան 162 միլիարդ դրամ (դոլարով արտահայտված՝ 440 մլն դոլար)։ 2022-ի մարտին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ նախաձեռնած հարձակումներից հետո, պայմանավորված պատժամիջոցներով ու լոգիստիկ խաթարումներով, հանքավայրի շահագործումը դադարեցվեց, ապա մաս-մաս վերականգնվեց։ Ընկերությունը 2024-ի վերջին պղնձի խտանյութի արտադրությունը հասցրել էր 88 հազար տոննայի՝ արտահանելով խտանյութը Չինաստան, Ռուսաստան ու Շվեյցարիա։

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ