Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ամերիկյան Starlink ընկերության միջև բանակցությունների արդյունքում Հայաստանի կառավարությունը ստացել է Starlink-ի կողմից նվիրաբերված 56 սարքավորում՝ ապագա հնարավոր արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու նպատակով:
Այս սարքավորումները հնարավորություն կտան ապահովել հուսալի և բարձր արագությամբ ինտերնետ կապ՝ աղետների և այլ արտակարգ իրավիճակների ընթացքում արդյունավետ արձագանքման համար, հաղորդում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Ներքին գործերի նախարարությունները, որոնց համագործակցությամբ իրականացվել է նախաձեռնությունը:
Սարքավորումներն արդեն Հայաստանում են, և նախատեսվում է դրանք հատկացնել ՆԳՆ-ին՝ Փրկարար ծառայության կարիքների համար: Դրանք կնպաստեն Հայաստանի արտակարգ իրավիճակներում կապի բազմազանության հնարավորությունների ամրապնդմանը, մասնավորապես՝ փրկարարական գործողությունների, բնական աղետների, ճգնաժամային իրավիճակների, ինչպես նաև այն դեպքերում, երբ կապի ավանդական ենթակառուցվածքները սահմանափակված, գերծանրաբեռնված կամ խափանված են:
Starlink-ի և ՀՀ ԲՏԱ նախարարության միջև համագործակցության շրջանակում արդեն իսկ 110 Starlink սարքավորում ապահովում է հազարավոր սովորողների ինտերնետային կապը Հայաստանի հեռավոր բնակավայրերի դպրոցներում:
SpaceX ընկերության Starlink արբանյակային ինտերնետը Հայաստանում հասանելի է անցած տարվա մարտի վերջից:
Աղբյուր՝ www.azatutyun.am
