Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ ապագա հնարավոր արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու և ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ սարքավորումները ՀՀ կառավարությունը ստացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ամերիկյան Starlink ընկերության միջև կայացած բանակցությունների արդյունքում:
«Այս սարքավորումները հնարավորություն կտան ապահովել հուսալի և բարձր արագությամբ ինտերնետ կապ՝ աղետների և այլ արտակարգ իրավիճակների ընթացքում արդյունավետ արձագանքման համար»,- նշել է Հայրապետյանը:
Նախարարի փոխանցմամբ՝ նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ներքին գործերի նախարարությունների համագործակցությամբ:
Սարքավորումներն արդեն Հայաստանում են, և նախատեսվում է դրանք հատկացնել ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ Փրկարար ծառայության կարիքների համար:
Դրանք կնպաստեն արտակարգ իրավիճակներում կապի բազմազանության հնարավորությունների ամրապնդմանը, մասնավորապես՝ փրկարարական գործողությունների, բնական աղետների, ճգնաժամային իրավիճակների, ինչպես նաև այն դեպքերում, երբ կապի ավանդական ենթակառուցվածքները սահմանափակված, գերծանրաբեռնված կամ խափանված են:
Starlink-ը Երկրի ցածր ուղեծրում գործող արբանյակային համակարգ է, որն ապահովում է հուսալի և բարձր արագությամբ լայնաշերտ ինտերնետ միլիոնավոր օգտատերերի համար ամբողջ աշխարհում:
Նախարարի խոսքով՝ այս նվիրատվությունը Starlink-ի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև ձևավորված համագործակցության շարունակությունն է:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բարձր է գնահատում Starlink-ի հետ համագործակցությունը և այս ներդրումը Հայաստանի արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ու արձագանքման կարողությունների ամրապնդման գործում:
Աղբյուր՝ armenpress.am
