Bankomat

Սկսվում է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման գործընթացը

Լուրեր | 2026/07/16 17:02

Սկսվում է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման գործընթացը

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագիր

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին։ Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։

«Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2026թ. հունիսի 1-ին Վաշինգտոնում և 2026թ. հունիսի 4-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Ինչպես նշել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որոշմամբ սկսվում է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման գործընթացը. «Որոշման ընդունմամբ մենք նախագիծը սահմանված կարգով կուղարկենք ՍԴ։ ՍԴ-ի կողմից միջազգային պայմանագրում ՀՀ Սահմանադրությանը չհակասող դրույթներ արձանագրելու որոշման պարագայում սահմանված կարգով հարցի քննարկումը կտեղափոխենք ԱԺ»:

ԱԳ նախարարը հիշեցրել է, որ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը նախորդել էր ևս երկու շատ կարևոր փաստաթղթերի՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Թրամփի ներկայությամբ և վկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի կողմից խաղաղության հռչակագրի ստորագրման:

«Հիմա արդեն այս միջպետական շրջանակային համաձայնագիրն ավելի է մանրամասնում համաձայնեցված դետալները, ուղղությունները և լիովին համահունչ է նշված երկու փաստաթղթերին»,- նշել է նախարարը:

Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ ԹՐԻՓՓ-ի հիմնադրման գործընթացն ավարտելու համար առջևում դեռևս կա երկու փաստաթուղթ՝ բաժնետերերի միջև պայմանագիրը և ԹՐԻՓՓ զարգացման ընկերության կանոնադրությունը:

Անդրադառնալով շրջանակային համաձայնագրին՝ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը և ԱՄՆ-ը նպատակ ունեն Հարավային Կովկասում տրանսպորտային փոխադրումների, ենթակառուցվածքների, տարածաշրջանային և գլոբալ առևտրի զարգացման ճանապարհով նպաստել խաղաղությանը և կայունությանը:

«Սա էլ բազմիցս արձանագրված է շրջանակային համաձայնագրում: Նաև ուզում եմ նշել, որ ամբողջ գործընթացը համահունչ է ՀՀ ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ»,- հավելել է նախարարը:

Համաձայնագրով ՀՀ-ն և ԱՄՆ-ը հիմնադրում են ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը, որը կկարողանա ՀՀ տարածքի տարբեր գոտիներում առանձին նախագծերի համար հիմնադրել հատուկ նշանակության ընկերություններ:

ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կստանա հողօգտագործման, կառուցապատման իրավունք, որը կգործի նախնական 49 տարի:

«Այս նախնական ժամկետի լրանալուց հետո հնարավորություն կլինի կողմերի համաձայնությամբ երկարացնել համագործակցության ժամկետը ևս 50 տարով»,- նշել է նախարարը:

«ՀՀ-ն կպահպանի իր լիարժեք ինքնիշխանությունն ու լիիրավ իրավազորությունը պետական սահմանի կառավարման, սահմանային վերահսկողության, մաքսային վարչարարության նկատմամբ»,- հավելել է Արարատ Միրզոյանը:

«Թվարկածս ամբողջությամբ ծածկում է և կարող է փարատել բոլոր մտահոգությունները, որոնք, անկեղծորեն, կարող էին առաջանալ բազմաթիվ քննարկումների ընթացքում Հայաստանի հանրության շրջանում»,- եզրափակել է նախարարը:

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ