ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նիստը։ Սերժ Սարգսյանին վերաբերող մի քանի գործերը միավորվել են և կքննվեն մեկ վարույթում։ Դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցվել էին, նրան կփոխարինի Սարգիս Դադոյանը։
Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդեց, որ հետագա դատական նիստերն ընթանան առանց Սերժ Սարգսյանի մասնակցության։ Քրեական օրենսգիրքը հնարավորություն է տալիս, որ նիստերը տեղի ունենան պաշտպանների մասնակցությամբ։
«Սերժ Սարգսյանը գտնվում է ազատության մեջ, ունի ընտրված պաշտպաններ, չի առարկում, որպեսզի սույն քրեական գործով դատական նիստերը շարունակվեն իր բացակայությամբ, իր իրավունքներն ամբողջ ծավալով կիրականացնեն իր պաշտպանները»,- ասաց Ամրամ Մակինյանը։
Բարսեղ Բեգլարյանը նույնպես միջնորդեց հետագա նիստերն անցկացնել առանց իր մասնակցության՝ իր փաստաբանի մասնակցությամբ։ Դատարանը բավարարեց միջնորդությունները։
Այսօրվա նիստում դատարանն անցավ հիմնական դատալսումներին։
Աղբյուր՝ www.aravot.am
