Հարավկորեական Samsung Electronics-ը ստեղծում է նոր ստորաբաժանում՝ ռոբոտատեխնիկայի ոլորտում մշակումներն ու դրանց առևտրայնացումը արագացնելու նպատակով, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Ռոբոտատեխնիկայի նոր ստորաբաժանումը կկրի RX (Robotics eXperience) անվանումը և անմիջականորեն կենթարկվի Samsung-ի գլխավոր գործադիր տնօրենին (CEO):
Նոր ստորաբաժանումը պատասխանատու կլինի ոլորտի միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարության մշակման, բիզնեսի զարգացման և առանցքային տեխնոլոգիաների ստեղծման համար: Բացի այդ, այն կընդլայնի ընկերության հետազոտական ներուժը ինչպես Հարավային Կորեայում, այնպես էլ արտերկրում:
Ռոբոտատեխնիկայի ռազմավարության բաժինը կղեկավարի գործադիր փոխնախագահ Լի Դոն Գընը, որը նախկինում նույն գործառույթն էր իրականացնում Hyundai Motor-ում, այդ թվում՝ ընկերության դուստր Boston Dynamics-ի գործունեության ուղղությամբ:
Samsung-ը նաև նախատեսում է մասնագիտացված հետազոտական հաբեր ստեղծել ԱՄՆ-ում, Չինաստանում և Ճապոնիայում:
Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր հումանոիդ ռոբոտների մշակման մտադրության մասին, որոնք սկզբնական փուլում կկիրառվեն արտադրական գործընթացներում, իսկ հետագայում կներդրվեն նաև կենցաղային տեխնիկայի և մանրածախ առևտրի շուկաներում: Ընկերությունը ակնկալում է այս ուղղությամբ առաջին շոշափելի արդյունքները ստանալ արդեն ընթացիկ տարում:
Աղբյուր՝ b24.am
