Շուրջ երկու շաբաթ է անցել, բայց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը դեռ չի հստակեցնում՝ հայկական կողմը ներկայացրել է Մոսկվայի պահանջած հաշվետվություններն ու գործողությունների ծրագիրը:
Հայկական ապրանքների նկատմամբ կոշտ սահմանափակումներ կիրառած «Ռոսսելխոզնադզոր»-ը մասնավորապես ուզում է իմանալ, թե ՍԱՏՄ-ն ի՞նչ ստուգումներ է արել, ի՞նչ խախտումներ է հայտնաբերել, ինչպես է դրանք շտկելու և հետագայում պահելու ԵԱՏՄ ստանդարտները:
Ռուսաստանը մայիսից սկսեց փուլ առ փուլ արգելել Հայաստանից տարբեր ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքի, ձկնամթերքի, խմիչքների, կաթնամթերքի և ծաղիկների ներմուծումը:
Մինչ Ռուսաստանն առայժմ փակ է պահում իր շուկան հայկական գյուղմթերքի համար, Հայաստանի կառավարությունը տարբեր կարճաժամկետ ծրագրերով աջակցում է արտահանողներին և հայտարարում շուկաների դիվերսիֆիկացման մասին:
Նախորդ շաբաթ էլ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էր հայտարարել, որ սեպտեմբերից նախատեսվում է Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ շաբաթական մինչև 40 տոննա թարմ միրգ ու բանջարեղեն արտահանել:
Հայաստանի խոշոր արտահանողներից Smart Agro Solutions-ի հիմնադիր Աշոտ Գրիգորյանը, որ այս սահմանափակումների ընթացքում օգտվել է նաև պետական աջակցությունից, դրական է համարում նաև այս նորությունը:
Ընկերությունը նաև Եվրոպական երկրներ է արտահանում իրականացնում, բայց այս պահին որպես հիմնական ուղղություն Ուկրաինան է դիտարկել:
Աղբյուր՝ www.azatutyun.am
