Կառավարության առջև բողոքի ակցիայից հետո բեռնափոխադրողները վերջին չորս շաբաթվա ընթացքում երկու հանդիպում են ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ։ «Ազատությանն» ասացին՝ մեծ հույս չունեն, որ իրենց խնդիրներն արագ կլուծվեն կամ, որ առհասարակ կլուծվեն։ Ասում են՝ պաշտոնյաները չեն մերժում, ընդլայնված կազմով ընդունում են իրենց, բայց:
«Բեռնափոխադրման, լոգիստիկայի ոլորտն այնքան բարձիթողի վիճակում է, անգամ նրանք չգիտեն՝ որ թևը ում է պատկանում: Տրանսպորտը պատկանում է ՏԿԵՆ-ին, ՏԿԵՆ-ը ասում է՝ խնդիր չկա, ես զբաղվում եմ իմ աշխատանքով։ Լոգիստիկան ո՞ւմ է պատկանում, կոնկրետ միջնորդական ընկերությունները, արտահանում-ներմուծումն ո՞ւմ է պատկանում, Էկոնոմիկայի նախարարությա՞նը, ՊԵ՞Կ-ին: Խառը վիճակ է էլի։ Տեսնում եմ, որ նրանք փորձում են հասկանալ, բայց դեռ չի ստացվում»,- «Ազատության» հետ զրույցում ասում է բեռնափոխադրում իրականացնողներից մեկը:
Ռուսաստանի կողմից ամիսներ շարունակ կիրառվող ներմուծման սահմանափակումների հետևանքով հայաստանցի բեռնափոխադրողների աշխատանքը գրեթե կանգ է առել։ Ռուսաստանն արգելել է հայկական գյուղմթերքի գրեթե ողջ տեսականու, ինչպես նաև կաթնամթերքի, ձկնեղենի, ծաղիկների, հանքային և ոչ հանքային ջրերի մի մասի, ոչ ալկոհոլային ու ալկոհոլային խմիչքների որոշ տեսակների մուտքն իր երկիր։ Բեռնափոխադրողների խոսքով՝ առայժմ սանկցիաների տակ ընկած նեղ ոլորտների ապրանքների թիվը քիչ է։ Դրանք էլ հիմնականում օտարերկրյա բեռնափոխադրողներն են արտահանում։ Նրանք կառավարությունից պահանջում են բանակցել Ռուսաստանի և Վրաստանի հետ հայկական փոխադրողներին՝ միջազգային բեռնափոխադրումների համար անհրաժեշտ թույլտվություններ, այսպես կոչված դազվուլներ տրամադրելու և հավասար պայմաններ ապահովելու հարցը, որ դիմանան այս մրցակցությանը:
Բեռնափոխադրողները նաև ավելի քան մեկ տարի բարձրաձայնում են լոգիստիկ ընկերությունների գործունեության խնդիրը։ Նրանց պնդմամբ՝ այս ընկերությունները հաճախ նախընտրում են աշխատել օտարերկրյա փոխադրողների հետ, որոնք Հայաստանում, ըստ իրենց, ավելի քիչ հարկեր են վճարում և կարողանում են ծառայություններ մատուցել ավելի ցածր գներով։
Փոխադրողները պնդում են՝ նրանցից շատերը, որոնք հատկապես սնկի նման են բացվում, կանխիկ շրջանառությամբ են աշխատում։ Պաշտոնյաների հետ հանդիպմանն ասացին՝ դա էլ են նշել։
Մյուս խնդիրները բեռնատարների հնացած պարկն է։ Բեռնափոխադրողներն ասում են՝ մեքենաների մեծ մասը չեն կարող սպասարկել եվրոպական ուղղություններ։ Ակնկալում են, որ կառավարությունն աջակցի նոր բեռնատարների ձեռքբերմանը, օրինակ՝ սուբսիդավորման միջոցով։ Սակայն այս դեպքում էլ բեռնափոխադրողները մտահոգված են՝ անգամ եթե դա լինի, ինչպե՞ս են նոր վարկերը վճարելու, քանի դեռ չեն մարել գործողները։ Իսկ եվրոպական ուղղությամբ աշխատելու համար ասում են՝ նաև վիզաների խնդիր ունեն:
Աղբյուր՝ www.azatutyun.am
