«Սագամար» ՓԲԸ-ն 2026 - 2029թթ. -ին ցանկանում է երկրաբանական ուսումնասիրություններ կատարել Լոռու մարզի Արմանիսի հանքային դաշտի արևմտյան և հարավարևելյան թևերում:
«Սագամար» ՓԲԸ-ն, հիշեցնենք, ընդերքօգտագործման իրավունք ունի Արմանիսի ոսկի-բազմամետաղների հանքավայրի համար, սակայն արդեն 10 տարի է` չի շահագործում հանքավայրը:
Ընկերության բաժնետերերը երկու ռուս գործարարներ են` Դմիտրի Կորժևը` 29,66% և Դմիտրի Տրոիցկին` 70,34% մասնաբաժիններով:
Արմանիսի հանքային դաշտը գտնվում է Ստեփանավան քաղաքից 1.6 կմ արևելք, Արմանիս և Ուրասար բնակավայրերից հարավ: «Սագամար» ՓԲԸ-ն երկրաբանական ուսումնասիրությունների համար հայցում է Արմանիսի հանքային դաշտի արևմտյան և հարավարևելյան թևերը:
Հյուսիսարևմտյան թևի (Ուրասարի կողմ) տեղամասը գտնվում է Արմանիսի ոսկու հանքավայրի բացահանքից և հարստացուցիչ ֆաբրիկայից արևմուտք՝ ձգվելով դեպի Ուրասար բնակավայրի վարչական տարածք։
Հարավարևելյան թևի (Արմանիսի կողմ) տեղամասը գտնվում է բաց հանքից անմիջապես հարավ-արևելք՝ Արմանիս գյուղի հարավային մատույցներում:
Տեղամասում շենքեր և շինություններ չեն կառուցվելու: Օգտագործվելու են Արմանիսի հանքավայրի ռեսուրսները:
Նախագծում նշվում է, որ հայցվող տարածքները գյուղատնտեսական նշանակության հողեր են (արոտավայրեր և խոտհարքեր):
Տեղանքի հողային ֆոնդի և լանդշաֆտի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դասական առումով խիտ անտառներ այդ տեղամասում չկան, սակայն կան «անտառային հողեր» կատեգորիային մոտ տարածքներ:
Տեղամասի սարահարթային հատվածները, որը մակերեսի հիմնական մասն է (թե՛ Ուրասարի, թե՛ Արմանիսի կողմից) ծածկված են լեռնային տափաստաններով և մարգագետիններով:
Անտառային հողերը Ձորագետի (կամ Չքնաղի) կիրճի զառիթափ լանջերն են:
Ծրագրում նշվում է, որ նախատեսվող գործունեության արդյունքում 10 120 քմ հողաբուսական շերտի խախտումն ուղղակի և անուղղակի ազդեցություն կունենա կենսաբազմազանության վրա:
2026 թվականի հուլիսի 17-ին տեղի կունենան հանրային լսումներ:
Աղբյուր՝ hetq.am
