Bankomat

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելեց նաև հայկական կաթնամթերքի իրացումը Ռուսաստանում

Լուրեր | 2026/07/24 14:04

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելեց նաև հայկական կաթնամթերքի իրացումը Ռուսաստանում

Ռուսաստանի իշխանությունները արգելել են հայկական կաթնամթերքի ներմուծումը

Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ թույլ չի տվել Ռուսաստանի շուկայում իրացնել Հայաստանից ներմուծված կաթնամթերքը՝ համարելով ոչ անվտանգ:

Գերատեսչության հայտարարության համաձայն՝ հուլիսի 14-21-ը «Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետները ստուգումներ են արել Հայաստանի կաթի վերամշակմամբ զբաղվող այն ձեռնարկություններում, որոնք նախկինում ռուսական շուկա մուտք գործելու թույլտվություն էին ստացել՝ Հայաստանի անասնաբուժական ծառայության երաշխիքների հիման վրա:

Ռուսական կողմի պնդմամբ՝ ստուգումների ընթացքում կրկին արձանագրվել են նույնատիպ խախտումներ, որոնք հայտնաբերվել էին նաև 2023-2024-ի տեսչական այցերի ժամանակ:

«Ռոսսելխոզնադզոր»-ը նաև պնդում է, թե ընթացիկ ստուգման ժամանակ հայտնաբերվել է, որ Ռուսաստան արտահանվող կաթնամթերքի արտադրության համար օգտագործվել է հիվանդություններով վարակված կենդանիներից ստացված կաթ:

Բացի այդ, հաստատվել են դեպքեր, երբ Ռուսաստանի շուկայի համար նախատեսված բարձր յուղայնությամբ կաթնամթերքի արտադրությունում օգտագործվել է երրորդ երկրներից ներմուծված հումք:

Հաղորդագրության համաձայն՝ Հայաստանում մինչ օրս չի ստեղծվել այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա հաստատել արտադրության մեջ օգտագործվող կաթի կամ այլ կաթնային հումքի ծագումն ու անվտանգությունը:

Ռուսական կողմը նաև մատնանշում է լաբորատոր կարողությունների կատարելագործման անհրաժեշտությունը:

Հաշվի առնելով արձանագրված խախտումները՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, թե միջոցներ է ձեռնարկել՝ կանխելու Ռուսաստանի տարածք առանձնապես վտանգավոր վարակների ներթափանցումը:

Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումների մեծածավալ ալիքը սկսեց այս տարվա ապրիլի վերջից:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ