«Ռոսսելխոզնադզոր»-ը (ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայություն) նոր սահմանափակումներ է կիրառում Հայաստանից ներմուծման նկատմամբ՝ այս անգամ սահմանափակելով Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
«Հուլիսի 14-ից 21-ը «Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետները ստուգել են հայկական կաթնամթերքի վերամշակման գործարանները, որոնք նախկինում բացվել էին անասնաբուժական ծառայության երաշխիքներով և իրենց արտադրանքը մատակարարում էին Ռուսաստան։ Կատարված աշխատանքները հաստատեցին նմանատիպ խախտումներ, որոնք արձանագրվել էին 2023-2024 թվականներին իրականացված ստուգումների ընթացքում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ ծառայության՝ «ընթացիկ հետաքննության շրջանակներում պարզվել է, որ վարակված անասունների կաթն օգտագործվում էր Ռուսաստան մատակարարվող արտադրանքն արտադրելու համար»:
«Մինչ օրս Հայաստանը չի ստեղծել համակարգ՝ արտադրության մեջ օգտագործվող կաթի կամ այլ կաթնամթերքի հումքի ծագումը և անվտանգությունը հաստատելու համար։ Հաշվի առնելով հայտնաբերված խախտումները՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը միջոցներ է ձեռնարկել՝ կանխելու հատկապես վտանգավոր վարակների ներմուծումը Ռուսաստան»,-նշված է ծառայության հաղորդագրության մեջ:
Ռուսաստանը վերջին շրջանում սահմանափակել կամ ընդհանրապես արգելել է հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծումը՝ այդ որոշումները պատճառաբանելով տարատեսակ խախտումների հայտնաբերմամբ։ Ռուսաստանի կողմից այդպիսի գործողությունները հատկապես ակտիվացել էին Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ և շարունակվում են մինչ օրս:
Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ներմուծման այս արգելքների ֆոնին Հայաստանը դիվերսիֆիկացնում է արտահանման շուկաները դեպի Եվրոպական միության և այլ շուկաներ։ Եվրամիությունն էլ իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը տնտեսական ճնշումներ է կիրառում Հայաստանի նկատմամբ և պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին:
Աղբյուր՝ armenpress.am
