«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարում է, թե կասեցրել է Բելառուսի տարածքով դեպի Ռուսաստան ավելի քան 39,000 հայկական վարդերի ներմուծումը կեղծ փաստաթղթերի միջոցով:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, խմբաքանակը տեղափոխող մեքենան կալանավորվել է Սմոլենսկի մաքսային կետում, ղեկին եղել է Բելառուսի քաղաքացի:
«Ուղեկցող փաստաթղթերում բեռը փոխադրողի կողմից հայտարարագրվել է որպես զովացուցիչ ըմպելիք։ Նույնականացման պիտակների մնացած բեկորները ցույց են տալիս դրանց հայկական ծագումը», - ասվում է ռուսական կողմի հայտարարության մեջ:
Ռուսաստանը Հայաստանից ծաղիկների ներմուծումը, ինչպես նաև դրանց տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արգելել է այս տարվա մայիսի 22-ից:
Հաջորդող շաբաթներին Մոսկվան արգելափակել է նաև հայկական միրգ-բանջարեղենի, խմիչքների, ձկնամթերքի ու կաթնամթերքի ներմուծումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կայացած հեռախոսազրույցում մտքեր են փոխանակել Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես, երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ:
Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ռուսական շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ:
Աղբյուր՝ www.azatutyun.am
