Bankomat

Պուտինը կրկին պահանջել է հանրաքվե անցկացնել՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ

Լուրեր | 2026/07/28 01:03

Պուտինը կրկին պահանջել է հանրաքվե անցկացնել՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ

Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն պաշտոնական դիմումից հետո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ առաջին անգամ հունիսյան խորհրդարանական ընտրություններից ի վեր:

Ըստ պաշտոնական Երևանի, կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես, երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ:

Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ռուսական շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ:

Կրեմլի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցում Վլադիմիր Պուտինը վերահաստատել է մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ անդամ երեք երկրների ղեկավարների հետ ընդունած համատեղ հայտարարությանը՝ ՀՀ-ի՝ Եվրոպական Միությանը միանալուն ուղղված գործողությունների վերաբերյալ:

Պուտինը մասնավորապես ընդգծել է Հայաստանում հնարավորինս շուտ համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ:

Հայաստանի կառավարության հաղորդմամբ՝ Փաշինյանն ասել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն Հայաստանի կողմից անդամակցության հարցով Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո:

Փաշինյանն ընդգծել է բաց, գործընկերային և բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու Հայաստանի Կառավարության պատրաստակամությունը:

«Զրույցը եղել է Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների կողմից Հայաստանի վերաբերյալ վերջերս ընդունված հայտարարության շուրջ։ Ընդգծվել է Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ որոշելու, թե որ ուղղությամբ է ցանկանում գնալ Հայաստանը», - լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Մոսկվան մինչ օրս չի շնորհավորել Փաշինյանին կամ ՔՊ-ին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ