Bankomat

Պուտին. «Եթե Հայաստանին ռուսական բազան պետք չէ, կարող ենք հեռանալ հենց վաղը»

Լուրեր | 2026/09/02 13:01

Պուտին. «Եթե Հայաստանին ռուսական բազան պետք չէ, կարող ենք հեռանալ հենց վաղը»

Պուտինը մեկնաբանել է Փաշինյանի հետ հանդիպումը և հայ-ռուսական հարաբերությունները։

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ի երեկոյան Բիշքեկում մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հանդիպումը։

Ներկայացնում ենք հատվածներ լրագրողի հարցին Վլադիմիր Պուտինի պատասխանից։

 

Ղարաբաղ, ՀԱՊԿ, Ռուսաստանն ու Արեւմուտքը

 

«Այս ամենը սկսվեց Ղարաբաղի խնդիրներից։ Հայաստանի ղեկավարությունը, ինքը՝ վարչապետը, Պրահայում ստորագրեց համապատասխան փաստաթուղթ եւ ընդունեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Այդ պահից մեր դիրքորոշումն այս հարցում շատ երկակի բնույթ ստացավ։ Ի՞նչ, մենք կարո՞ղ ենք միջամտել կամ պե՞տք է միջամտեինք Ադրբեջանի ներքաղաքական գործերին։

 

Արեւմտյան գործիչները (հիմա անուններ չեմ տա) ինձ ակտիվորեն ասում էին, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասն է։ Նրանք ինձ ասում էին. «Մենք կանենք այնպես, որ ապահովենք այնտեղ բնակվող հայ բնակչության իրավունքներն ու շահերը»։ Ես էլ ասում էի. «Ոչինչ չեք ապահովի, մարդիկ պարզապես կհեռանան եւ վերջ»։ Թեեւ նախագահ Ալիեւն այդ մարդկանց ոչ մի վատ բան չի անի։ Նա ժամանակակից, կիրթ մարդ է, փորձելու է ապահովել նրանց շահերը, բայց նրանք միեւնույն է չեն մնա։ Այդպես էլ եղավ։

 

Բայց դրանից հետո բավականին բարդ է պատասխանատվություն ստանձնել այս բոլոր իրադարձությունների համար, եւ «հարմար պահին» հայտնվեց Ռուսաստանը։

 

Չեմ ուզում ոչ մեկին ոչնչում մեղադրել։ Իրադարձությունների տրամաբանությունն այնպիսին էր, ինչպիսին կար։ Բայց Հայաստանի ներկայիս ղեկավարության այս որոշումը, թերեւս, նաեւ դրական կողմեր ունի։ Կարելի է շրջել էջը եւ առաջ գնալ  առանց հակամարտությունների, մարդկանց տեղավորել նոր բնակավայրում, ապաշրջափակել ենթակառուցվածքը, տնտեսության մեջ սկսել նոր կյանք, բացել սահմանները ներդրումների համար եւ այլն։ Դրական կողմերն էլ քիչ չեն»։

 

«Խիստ վերլուծություն»

 

«Մենք պայմանավորվել ենք երկխոսությունը վարել հանգիստ ռեժիմով, Նիկոլ Վովայեւիչն առաջարկեց խիստ վերլուծության ենթարկել մեր համատեղ աշխատանքի բոլոր ուղղությունները։ Ես դրա հետ համաձայն եմ։ Հրավիրել եմ նրան Մոսկվա, որպեսզի մենք առանց շտապելու, մեր մասնագետների հետ միասին, անցնենք բոլոր կետերով։

 

Այնտեղ կան նաեւ կոնկրետ հարցեր։ Երկաթուղին մենք, ըստ էության, վարձակալում ենք։ Կա դրա զարգացման հարցը։ Ներդրումները այդպիսի ենթակառուցվածքում կախված են փոխադրումների ծավալից։ Տա Աստված՝ հիմա, թերեւս, ամեն ինչ այլ կերպ կընթանա, կբացվի սահմանը Թուրքիայի ուղղությամբ, այլ ուղղություններով, եւ, թերեւս, բեռնահոսք կառաջանա։ Բայց եթե այն առաջանա, ապա այդ ներդրումները կարող են անել բոլորը, Ռուսաստանն էլ կարող է անել»։

 

Ռազմակայանի ապագան

 

«Եթե Հայաստանը գտնում է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանն անհրաժեշտ չէ, մենք կհեռանանք հենց վաղը։ Հայաստանը դրան պատրա՞ստ է։ Խնդրեմ, մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ այնտեղ ինչ-որ ռազմական «ռուսական թեւ» լինի, մենք կմնանք, կաշխատենք, կհամագործակցենք»։ 

Աղբյուր՝ mediamax.am

Տարածել

Կարդացեք նաեվ