Bankomat

Փոփոխություններ էլեկտրաէներգետիկական շուկայում

Լուրեր | 2026/07/30 03:01

Փոփոխություններ էլեկտրաէներգետիկական շուկայում

Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից

Հուլիսի 29-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստում ընդունվել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեությունը կարգավորող մի շարք իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ:

Փոփոխությունների փաթեթը նպատակ ունի կատարելագործել էլեկտրաէներգետիկական շուկայի կարգավորումները՝ հստակեցնելով բեռնաթափման համակարգային ծառայությունների մեխանիզմները, պարզեցնելով էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցության վարչարարությունը, բարելավելով մատակարարման պայմանագրերի և վճարային հարաբերությունների կարգավորումը:

  • Վերանայվել է բեռնաթափման համակարգային ծառայության հաշվարկման մեխանիզմը՝ սահմանելով դրա հաշվարկման նոր մոտեցում գնման երաշխիք ունեցող վերականգնվող էներգիայի աղբյուրներով գործող էլեկտրակայանների համար,
  • Հստակեցվել են Համակարգի օպերատորի լիազորություններն ու ընթացակարգերը, այդ թվում՝ կարգադրությունների տրամադրման, փոփոխման և չեղարկման մասով,
  • Պարզեցվել են էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցության և շուկայի կառավարման ծրագրում (ՇԿԾ) գրանցման ընթացակարգերը՝ վերացնելով մի շարք վարչարարական պահանջներ և հստակեցնելով ներկայացվող փաստաթղթերի ցանկը,
  • Երկարացվել են մեծածավալ հայտերի ուսումնասիրման ժամկետները, եթե դրանք ներառում են 100-ից ավելի հաշվառման համալիր,
  • Մատակարարման պայմանագրերի լուծման համար սահմանվել է միասնական՝ 30-օրյա նախազգուշացման ժամկետ,
  • Հստակեցվել են էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման տարբեր կետերում գործունեության իրականացման կարգավորումները, ինչպես նաև մրցակցային շուկա սպառողների պարտադիր մուտքի ժամկետները,
  • Կատարելագործվել են վճարումների և ֆինանսական երաշխիքների հետ կապված կարգավորումները, ներառյալ երաշխիքների իրացման ընթացակարգերը:

Ընդունված փոփոխությունները միտված են բարձրացնելու էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության արդյունավետությունը, ապահովելու առավել հստակ և կանխատեսելի կարգավորումներ, նվազեցնելու վարչարարական բեռը և նպաստելու շուկայի բնականոն զարգացմանը:

Որոշումներն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի օգոստոսի 1-ից:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ