Bankomat

ՊԵԿ-ը շուկայում հայտնաբերել է կեղծ դրոշմապիտակներով «Կիլիկիա» գարեջրեր

Լուրեր | 2026/07/29 10:03

ՊԵԿ-ը շուկայում հայտնաբերել է կեղծ դրոշմապիտակներով «Կիլիկիա» գարեջրեր

ՊԵԿ-ը կեղծ դրոշմապիտակներով գարեջրեր է հայտնաբերել

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) շուկայում հայտնաբերել է կեղծ դրոշմապիտակներով «Կիլիկիա» գարեջրեր։ ՊԵԿ-ի տեղեկություններով, կեղծ նույնականացման միջոցները փակցված էին «Կիլիկիա» գարեջրի 0.33լ տարողությամբ շշերի վրա։ Կոմիտեի աշխատակիցները հավաքել են դրանք շուկայից, և հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի նկատմամբ կիրառվել է բռնագրավում։

Ավելի վաղ, ընթերցողի ահազանգի հիման վրա «Հետք»-ն ուսումնասիրությամբ արձանագրել էր, որ «Կիլիկիա» գարեջրի որոշ խմբաքանակների Data Matrix ծածկագրերը չեն աշխատում։ Արտադրում է «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն։ Data Matrix (Դատա մատրիքս) երկչափ մատրիցային ծածկագրերը փակցվում են յուրաքանչյուր ապրանքի վրա և առավել հայտնի են որպես QR կոդեր, որոնք փոխարինելու եկան նախկին ակցիզային դրոշմապիտակներին։

Հայաստանում ներկայում Data Matrix ծածկագրեր է գեներացնում և տնտեսվարողներին վաճառում «Ի-Մարկ» ՍՊԸ-ն, որն ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորն է։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է նշված ընկերության E-Mark հավելվածով սքանավորել կոդը և տեսնել տվյալ ապրանքի մասին տեղեկությունները։ Եթե գործողությունը հաջողվում է, նշանակում է՝ ապրանքը շրջանառվում է, այսպես կոչված, «սպիտակ դաշտում», և այն տեսնում է նաև ՊԵԿ-ը։ Մեր նշած օրինակներում դա չէր հաջողվում։

Հարց էինք բարձրացրել՝ արդյո՞ք ապրանքների դրոշմապիտակների չընթերցվող ծածկագրերը նշանակում են, որ «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի արտադրանքի մի մասը գտնվում է ստվերային շրջանառության մեջ և, հետևաբար, դուրս է հարկման դաշտից:

Այս հոդվածին արձագանքեցին ինչպես «Կիլիկիա» գործարանից, այնպես էլ՝ «Ի-Մարկ» ընկերությունից։ «Կիլիկիա»-ից պնդում են, որ շուկայում իրենց արտադրած գարեջրի շշերի վրայի թվային դրոշմապիտակները հավելվածով չեն ընթերցվում ոչ թե կեղծ լինելու, այլ բացառապես տեխնիկական խնդիրների կամ ֆիզիկական վնասվածքների պատճառով։

ՊԵԿ-ն օգտագործել է «կեղծ» բառը, ինչը նշանակում է, որ գարեջրի վրա փակցված դրոշմապիտակները իրական չեն եղել և տվյալ խմբաքանակը կամ խմբաքանակները ստվերային են։ Սակայն, թե ինչ ծավալների մասին է խոսքը, ՊԵԿ-ից առայժմ չեն մանրամասնել։

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ