Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ այս ամռանը տեղի կունենա ոչ կաստոդիալ կրիպտոդրամապանակի «մարդկության պատմության մեջ ամենամեծ» տարածումը։ Նրա խոսքով՝ Gram թոքենի (նախկինում՝ Toncoin, TON) նեյթիվ դրամապանակը հասանելի կլինի Telegram-ի բոլոր հավելվածներում։
Կաստոդիալ դրամապանակը կրիպտոդրամապանակի տեսակ է, որի հասանելիության և միջոցների պահպանման պատասխանատվությունը կիսվում է ակտիվների սեփականատիրոջ և երրորդ կողմի, օրինակ՝ բորսայի կամ բրոքերի միջև։ Նման միջնորդները սովորաբար իրականացնում են օգտատերերի նույնականացում։
Ոչ կաստոդիալ դրամապանակի դեպքում դրան հասանելիություն ունի միայն սեփականատերը։ Բոլոր բանալիները գտնվում են օգտատիրոջ մոտ, և նա է ամբողջությամբ պատասխանատու իր միջոցների համար։ Նման դրամապանակ ստեղծելու համար անհրաժեշտ չէ անցնել որևէ նույնականացում կամ տրամադրել անձնական տվյալներ։
Դուրովը խոստացել է կրիպտոարժույթների ակնթարթային և առանց միջնորդավճարի փոխանցումներ «ավելի քան 1 մլրդ օգտատերերի համար»։ «Մենք Gram-ի նեյթիվ ոչ կաստոդիալ դրամապանակն ավելացնում ենք Telegram-ի յուրաքանչյուր հավելվածում», – գրել է նա իր ալիքում։
GRAM թոքենի (նախկին TON) փոխարժեքը հրապարակմանն արձագանքել է 7% աճով։ Telegram-ի մենյուում վաղուց առկա է Wallet կրիպտոդրամապանակը, որը The Open Platform (TOP) ընկերության արտադրանքն է։
Դուրովի հրապարակումը համընկել է նաև GRAM էկոհամակարգի (նախկինում՝ TON) պաշտոնական դոմեյնի՝ wallet.ton.org կայքի թարմացման հետ։ Նոր դրամապանակը ստացել է Gram Wallet անվանումը։
Աղբյուր՝ b24.am
