Bankomat

Պաշտոնյաների կրիպտոարժույթները նվազել են 25%-ով

Լուրեր | 2026/08/01 21:01

Պաշտոնյաների կրիպտոարժույթները նվազել են 25%-ով

Ինչու են դատարկվել նրանց կրիպտոքսակները

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հայտարարագիր ներկայացրած 6,214 պաշտոնյայից 2025-ին կրիպտոարժույթ է հայտարարագրել 143-ը։ Նրանց պատկանող ակտիվները տարեսկզբին կազմում էին ավելի քան 3 միլիոն դոլար, սակայն տարեվերջին դրանք նվազել են 25%-ով՝ դառնալով 2.3 մլն դոլար։ Ինչպե՞ս է ստացվել, որ որոշ պաշտոնյաներ կորցրել են հարյուր հազարավոր դոլարներ, իսկ ոմանց ակտիվները, հակառակը, ավելացել են։

Ովքե՞ր են ամենահարուստը՝ կրիպտոարժույթով

Կրիպտոարժույթով ամենահարուստ պաշտոնյան Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանն է։ Տարեսկզբին նրա կրիպտոարժույթները գնահատվում էին 711,510 դոլար, սակայն տարեվերջին այդ կարողությունը կրճատվել է 8.35%-ով։

Նրա ակտիվների հիմնական մասը բիթքոինն ու էթերիումն են։ Տարվա ընթացքում 7 բիթքոինն ավելացել է 0.2-ով, իսկ 4.5 էթերիումի քանակը մնացել է նույնը։ Այնուամենայնիվ, էթերիումի գնանկման հետևանքով նրա 15 հազար դոլարանոց ակտիվը տարեվերջին նվազել է 1,640 դոլարով։

Ջիվանյանի հաշվից տարեվերջին «անհետացել են» մի քանի կրիպտոարժույթներ․ ամենախոշորը 9,821 Fasttoken-ն է (FTN), որը տարեսկզբին արժեր մոտ 35 հազար դոլար։ Հայտարարագրից, սակայն, պարզ չէ՝ պաշտոնյան վաճառե՞լ է դրանք, թե՞ փոխանակել այլ ակտիվով։

Երկրորդ ամենաշատ կրիպտոարժույթ հայտարարագրած պաշտոնյան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է։ Ավինյանը հայտարարագրել է երեք տեսակի կրիպտոարժույթ, որոնց ընդհանուր արժեքը տարեսկզբին եղել է 445,584 դոլար, իսկ տարեվերջին աճել է 11%-ով՝ կազմելով 494,096 դոլար։

Արամ Ջիվանյանն ու Տիգրան Ավինյանը եղել են առաջին երկու ամենաշատ կրիպտոարժույթ հայտարարագրած պաշտոնյաները թե՛ 2025-ի տարեսկզբին, թե՛ տարեվերջին։ Այս երկու պաշտոնյաներին է պատկանել հայտարարագրված ընդհանուր կրիպտոարժույթների 38%-ը տարեսկզբին և 50%-ը՝ տարեվերջին:

Ինչո՞ւ պաշտոնյաների FTN-ը նվազեց 98.3%-ով

2025 թվականի տարեսկզբին պաշտոնյաների շրջանում ամենատարածված կրիպտոարժույթը ֆասթթոքենն էր։ 32 պաշտոնյա այս արժույթն է հայտարարագրել՝ ընդհանուր 776,680 դոլար արժողությամբ։ Տարեվերջին, սակայն, FTN ունեցողների թիվը կրճատվել է՝ հասնելով 18-ի, իսկ դրանց ընդհանուր արժեքը նվազել է 98.3%-ով՝ կազմելով ընդամենը 12,934 դոլար։

Ամփոփելով՝ 2025 թվականի ընթացքում 143 պաշտոնյա հայտարարագրել է 3 մլն 44․4 հազար դոլարին համարժեք կրիպտոարժույթ, իսկ դրանց ընդհանուր արժեքը տարեվերջին նվազել է 25%-ով։

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ