Bankomat

Փաշինյանի հերթական կանգառը՝ Չոլպոն-Ատա. Ի՞նչ սպասել ԵԱՏՄ վարչապետների հանդիպումից

Լուրեր | 2026/08/04 08:01

Փաշինյանի հերթական կանգառը՝ Չոլպոն-Ատա. Ի՞նչ սպասել ԵԱՏՄ վարչապետների հանդիպումից

Օգոստոսի 6-7-ը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Օգոստոսի 6-7-ը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում ներառված են եվրասիական ինտեգրման զարգացմանը, արդյունաբերական համագործակցությանը, տեխնոլոգիական ու թվային փոխակերպումներին, ինչպես նաև մաքսային կարգավորմանն ու տնտեսական կայունությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Նիստին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը, ով լրագրողների հետ ճեպազրույցում օրերս խիստ կոշտ ու մտահոգիչ գնահատականներ է հնչեցրել կառույցի գործունեության վերաբերյալ։

Մասնավորապես, անդրադառնալով հայկական ապրանքների արտահանման խոչընդոտներին ու սահմանափակումներին՝ Փաշինյանը հայտարարել է.

«ԵԱՏՄ-ն հարթակ է, որտեղ ես մեր օրակարգին առնչվող բոլոր հարցերը բարձրացնելու եմ։ Ասելու եմ այն, ինչ ասել եմ բրիֆինգում: Ես բրիֆինգում ասել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է: Եթե ԵԱՏՄ-ի պայմանագիրը չի գործում, չի գործում ԵԱՏՄ-ն։ Եվ ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է, և կաթվածահարությունը խորանալու միտումներ է ցուցաբերում։ Եթե այս հարցն արագ չլուծվի, ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունն այս խնդիրը հաղթահարելու է, ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու»։

Փաշինյանը զգուշացրել է, որ եթե այդ հարցերն արագ լուծում չստանան, դա կարող է դառնալ «ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը», միևնույն ժամանակ ընդգծելով, որ ինքը մեկնում է Չոլպոն-Ատա՝ ԵԱՏՄ հարթակն օգտագործելու և հայկական օրակարգի բոլոր խնդիրները բարձրաձայնելու համար։

Սա կլինի երրորդ անգամը, երբ Փաշինյանը զրուցում է գործընկերների հետ այս թեմայով: Այդուհանդերձ, Չոլպոն-Ատայում սպասվող հանդիպմանն այս մոտեցումները հերթական անգամ լուրջ դիմադրության են հանդիպելու, ինչը պայմանավորված է մի քանի առանցքային գործոններով:

ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը նախևառաջ տնտեսական, առևտրային և տեխնիկական կարգավորումների հարթակ է։ Հայաստանի դեպքում տնտեսական բնույթի սահմանափակումներն ու խոչընդոտները փաստացի ձեռք են բերել քաղաքական ենթատեքստ կամ դարձել են աշխարհաքաղաքական զիջումների հասնելու լծակ, այսինքն՝ դրանք արձագանք են ՀՀ վարած արտաքին քաղաքականության, քանի որ Ռուսաստանը տնտեսական ու քաղաքական հարաբերությունները չի տարանջատում:

Այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն այս նիստին վերածվում է ոչ թե գործնական արդյունքներ արձանագրելու, այլ բացառապես քաղաքական աղմուկ ու տեղեկատվական ֆոն բարձրացնելու հերթական հարթակի:

Այս իրավիճակում հիմնարար հարցը մնում է հետևյալը՝ ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ այս խորացող հակասությունները Հայաստանի ներքին և արտաքին տնտեսության համար։

Աղբյուր՝ 168.am

Տարածել

Կարդացեք նաեվ