Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից ընդամենը երեք օր անց Հայաստանի վարչապետն ուղիղ հայտարարում է՝ հայկական երկաթուղու կառավարումը ռուսական կողմից հետ վերցնելուն այլընտրանք չկա: Նիկոլ Փաշինյանը, որ նախկինում պնդում էր, թե Երևանը պայմանագրի միակողմանի չեղարկման պլան չունի ու Մոսկվայի թիկունքում քայլեր չի անի, այժմ ակնարկում է իրավական որոշումների մասին՝ առանց փակագծեր բացելու:
«Մենք ուզում ենք բարեկամական ձևով էդ խնդիրը լուծենք, բարեկամական ձևով; Բայց նաև մենք էդ խնդիրը բոլոր դեպքերում պիտի լուծենք բարեկամական ձևով, բայց նաև էլի դե յուրե, կարող է հարց ծագի, որ մենք դե յուրե որոշումներ կայացնենք: Եթե անհամաձայնություն կա, հետո կգնանք արբիտրաժում բան կանենք, կքննարկենք», - այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Փաշինյանը;
Թե ինչ որոշումների մասին է խոսքը, վարչապետը չբացահայտեց: Նա նաև չհստակեցրեց՝ արդյո՞ք սպառվել է հարցը բանակցություններով լուծելու հնարավորությունը, քանի որ արդեն հայտարարում է միջազգային արբիտրաժ դիմելու մասին. կոնցեսիոն պայմանագրով՝ վեճը միջազգային տրիբունալ է մտնում միայն փոխադարձ համաձայնության ձախողումից հետո:
Հայկական երկաթուղին ռուսական կառավարմանն է հանձնվել 2008 թվականին 30 տարով։ Ռազմավարական նշանակության ընկերությունը հետ վերցնելու և այլ երկրի փոխանցելու մասին Փաշինյանն առաջին անգամ խոսեց այս տարեսկզբին:
«Ռուսական երկաթուղիներ»-ը սպառնում է իր ներդրումների վերադարձ պահանջել
«Ռուսական երկաթուղիներ»-ը, մինչդեռ, հայտարարում է՝ եթե հայկական կողմը մտադիր է փոխել կամ դադարեցնել կառավարման պայմանները, պետք է վերադարձնի ներդրումները։
«Կողմերի բոլոր իրավունքներն ու պարտականությունները նշված են կոնցեսիոն պայմանագրում, որի կողմ է նաև Հայաստանի կառավարությունը։ Մենք մտադիր ենք խստորեն պահպանել այն, և եթե հայկական կողմը մտածի այն դադարեցնելու կամ դրա պայմանները փոխելու մասին, մենք իրավունք ունենք ակնկալել մեր ներդրումների վերադարձ», - ТАСС-ին ասել է ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Բելոզերովը։
Աղբյուր՝ www.azatutyun.am
