ՄԻԵԴ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանին Նիկոլ Փաշինյանը կասկածում է կոռուպցիայի մեջ։ Վարչապետը դրա մասին հայտարարեց Դրմեյանի պաշտոնանկությունից մեկ տարի անց, երբ նա արդեն ընդդիմադիրների շարքերում է:
Վարչապետն այսօր ճեպազրույցի ժամանակ կոչ արեց իրավապահներին, որ ուսումնասիրեն Լիպարիտ Դրմեյանի ունեցվածքն ու կապերը: Փաշինյանը անհանգստացած է, թե ինչու էր Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի գործով կառավարության դիրքորոշմանը հակասող պնդում անում:
«Ես հիմա նաև հրապարակային առիթից օգտվելով հաղորդում եմ տալիս հանցագործության մասին, բայց կարծում եմ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ու իրավապահ մարմինները պետք է քննարկեն՝ ո՞նց կարող է պարզվել, որ մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ է եղել, հետո գնացել է։ Պետք է ստուգվեն հաշիվները, պետք է ստուգվի ունեցվածքը», - ասաց վարչապետը:
Փաշինյանի կառավարությունը միլիարդատեր Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո սկսեց նրան պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացման գործընթացը:
«Հիմա իրավապահներին կոչ եմ անում, թող տրոյական ձիու գործունեությունը քննեն», - նշեց Փաշինյանը:
«Այս ամենը հետևում է իմ քաղաքական ակտիվությանը»
Լիպարիտ Դրմեյանը «Ազատություն»-ից տեղեկացավ վարչապետի իր դեմ ներկայացրած հաղորդման ու կասկածների մասին: Ավելի ուշ նա ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքեց. «Այսօր տեղեկացա, որ կառավարության նիստից հետո «Կառավարությունը ես եմ»-ը հիշել էր ինձ։ Ես գործել եմ հանուն Հայաստանի Հանրապետության»:
Դրմեյանը կապում է վարչապետի հաղորդումը իր ընդդիմադիր գործունեության հետ:
«Միասնության թևեր»-ն արձագանքում է
«Միասնության թևեր»-ն էլ հայտարարեց, որ խստորեն դատապարտում է կառավարության ղեկավարի՝ Լիպարիտ Դրմեյանի նկատմամբ հրապարակային մեղադրանքները:
«Պահանջում ենք ապահովել մեր գործընկերոջ՝ Լիպարիտ Դրմեյանի բոլոր իրավունքները», - նշված է հայտարարությունում:
Աղբյուր՝ www.azatutyun.am
