Bankomat

Փաշինյանը ԵՄ-ին՝ Հայաստանի անդամակցության հանրաքվեի վերաբերյալ ժամկետ չի նշել

Լուրեր | 2026/07/29 02:00

Փաշինյանը ԵՄ-ին՝ Հայաստանի անդամակցության հանրաքվեի վերաբերյալ ժամկետ չի նշել

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հաստատել է, որ ժամկետներ չեն նշվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հստակ ժամկետներ չի նշել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հանրաքվեի վերաբերյալ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, կոնկրետ ժամկետներ չեն նշվել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Փաշինյանը հայտնել է, թե ինչ ժամկետներում կարող է կայանալ հանրաքվեն։

«Բայց, այդուհանդերձ, ընդգծվել է այդպիսի հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտությունը։ Դա շատ կարևոր է»,- շարունակել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ կայացել է ՀՀ վարչապետի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահի հետ։ Ըստ հայկական կողմի տարածած հաղորդագրության՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես, երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։

«Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով ՀՀ-ում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների ս/թ մայիսի 29-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ-ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Այսօր ավելի վաղ Պուտինը նաև հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որտեղ ընդգծվել էր երկու երկրների միջև կապերի կառուցողական բնույթը։ Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են նաև երկու երկրների կառավարությունների և պատկան մարմինների միջև երկխոսության ակտիվացումը։

Լուսանկարը՝ The Associated Press գործակալության

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ