ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ առավոտյան ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի՝ արդեն նախկին նախագահ Նարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ և նշել, որ մանրամասներին կանդրադառնա առաջիկա օրերին՝ առանձին հարցազրույցի ձևաչափով:
«Այս պահին միայն կներկայացնեմ դրանցից նշանակալի երկուսը՝ ի հակադարձումն:
ՈՒԺԵՂ ՍՈՒՏ 1. Նա պնդում է, որ այժմ էլ ՀԷՑ-ում իբր կան հավելագրումներ, և իրենք իրենց շրջանում 6 ամսվա ընթացքում 40-50 անձի ազատումներ են արել, 30 հոգու դեպքում՝ ծառայողական քննություն, ու ոչ մի խոսք՝ որևէ քրեաիրավական գնահատականի մասին:
ՓԱՍՏ 1. Ժամանակավոր կառավարման շուրջ մեկ տարվա ընթացքում ՀԷՑ-ում աշխատանքից ազատումների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 1150 անձ, որից տարաբնույթ խախտումների հետևանքով (մեծ մասամբ՝ հավելագրումների/թերգրանցումների) աշխատանքից ազատվել են շուրջ 700 աշխատակիցներ:
Բացահայտված իրավախախտումների փաստերով նախաձեռնվել են շուրջ 30 քրեական վարույթներ. կան բազմաթիվ ձերբակալվածներ ու կալանքի որոշումներ:
ՈՒԺԵՂ ՍՈՒՏ 2. Նա պնդում է, որ իրենց շրջանում հավելագրումներն արվել են առանց ՀԷՑ-ի սեփականատերերի (իմա՝ նաև բարձր ղեկավարության) իմացության:
ՓԱՍՏ 2. Հավելագրումներն ու թերգրանցումները, որպես կանոն, արվել են՝ արհեստականորեն նվազեցնելու ցանցում առկա էլէներգիայի կորուստների թիվը:
Ելնելով վերոգրյալից՝ կարող ենք պնդել, որ բոլոր այդ մեքենայությունների արդյունքում գոյացած էլէներգիայի ահռելի քանակների մոնետիզացիան «լավագույն» դեպքում մնացել է ՀԷՑ-ի հաշիվներին, վատագույն դեպքում՝ ուղղակիորեն մտել է տարբեր հանցավոր շրջանակների գրպանները:
Ստորև՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում բացահայտված շուրջ երկու տասնյակ «ամենախոսուն» հավելագրման փաստերն են, որոնցով քրեական վարույթներ են նախաձեռնված:
- ՀՀ ՊՆ թիվ N զորամաս
- ՀՀ ԱԱԾ Զինվորական պարետատուն
- ՀՀ ԱԱԾ X քաղաքային բաժանմունքի շենք
- ՀՀ-ում ՌԴ ԴԱԾ վարչության N զորամաս
- «Եղեգնաձորի պոլիկլինիկա» ՓԲԸ
- «Եղեգնաձորի փողոցային լուսավորություն» ՀՈԱԿ
- «Մասիսի փողոցային լուսավորություն» ՀՈԱԿ
- «Արմավիր» ՋՕԸ
- «Արտաշատ» ՋՕԸ
- «Շիրակ» ՋՕԸ
- Ղազանչիի պոմպակայան
- Թեղենիքի գյուղապետարան
- Հալիձորի գյուղապետարան
- «Խոյի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ
- Սևանի համայնքապետարան
- Եղեգիսի համայնքապետարան
- Եղեգնաձորի համայնքապետարան
- Վարդաձորի մշակույթի տուն
- Շամբի միջնակարգ դպրոց
- Գանձակի մանկապարտեզ
- Վարդաշենի միջնակարգ դպրոց
- Ապարանի թիվ 2 հիմնական դպրոց
Հ.Գ. Ահա այսպիսի ՈՒԺԵՂ կառավարում»,- գրել է Ռոմանոս Պետրոսյանը:
Աղբյուր՝ armtimes.com
