2026 թվականի հուլիսի 10-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասով ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպմանը։ Ելույթում Հայաստանյան կողմից վերահաստատվեց մինչև 2030 թվականը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու նպատակին հանձնառությունը։
Ընդգծվեց ՄԻԱՎ-ի կանխարգելման, թեստավորման և բուժման ոլորտներում արձանագրված առաջընթացը։ Նշվեց, որ 2024 թվականից ՀՀ կառավարությունն ամբողջությամբ ապահովում է հակառետրովիրուսային դեղամիջոցների ֆինանսավորումը պետական միջոցների հաշվին, ինչը կարևոր նշանակություն ունի բուժման կայուն և հուսալի հասանելիության ապահովման հարցում։
Հավելվեց նաև, որ թեստավորման և առողջապահական ծառայությունների ծածկույթի ընդլայնումը նպաստել են հիվանդության ավելի վաղ ախտորոշմանը և դեպքերի հայտնաբերման բարելավմանը: Ընդգծվեց նաև հավասարության, մարդու իրավունքների պաշտպանության, խտրականության վերացման ապահովման անհրաժեշտությունը որպես ՄԻԱՎ հակազդման արդյունավետ միջոց։
Աղբյուր՝ www.aravot.am
