Bankomat

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին

Լուրեր | 2026/07/25 23:03

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին

Եղիազար Վարդանյանը շնորհավորել է շրջանավարտներին և աշխատանքի առաջարկ արել։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկա է եղել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը: Նա շնորհավորել է շրջանավարտներին հարազատ կրթօջախից դեպի քաղաքաշինության մեծ ընտանիք մուտք գործելու առթիվ և հանձնել է Շինարարության ֆակուլտետը գերազանցությամբ ավարտածների դիպլոմները:

«Ստանալով դիպլոմները դուք ձեռք եք բերում ոչ միայն գիտելիքով զինվելու ձեր ջանքերի վկայականը, այլ նաև աշխատաշուկայում ձեր մասնագիտական ուղու անցաթուղթն ու կարիերայի աճի հիմնաքարը, և այդ անցաթուղթ-երաշխավորագիրը ձեզ է տալիս ավելի քան 100-ամյա ավանդույթներ ունեցող համալսարանը»,-նշել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Եղիազար Վարդանյանը:

Նա շնորհավորել և շնորհակալություն է հայտնել նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին նվիրման համար, իսկ նորավարտ մասնագետներին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմահարթակից աշխատանքի առաջարկ արել:

«Մեր երկիրն այսօր քաղաքաշինական ծավալուն և ակտիվ գործընթացների փուլում է։ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» կառավարության հայտնի ծրագրի ավարտի նախաշեմին մեկնարկել է երկրորդ փուլը։ Շարունակվում է մարզական ու առողջապահական կենտրոնների ստեղծումը։ Անշրջելի է քաղաքաշինության ոլորտի թվայնացումը, որակի նշաձողի բարձրացումը։ Առաջիկայում կարևորագույն քայլ է լինելու ՀՀ տարաբնակեցման և տարածքի կազմակերպման գլխավոր նախագծի մշակումը, կանաչ և կայուն քաղաքաշինության լուծումների ներդրումը։ Այս բոլոր ուղղություններում մենք ունենք թարմ մտքի, ժամանակակից տեխնոլոգիաների և համարձակ մոտեցումների կարիք՝ ձեր կարիքը։ Դիմե՛ք և փորձե՛ք ձեր ուժերը»,-կոչ է արել Եղիազար Վարդանյանը:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն այս տարի ավարտել է 962 շրջանավարտ:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ