Նավահանգիստների շրջափակման ժամանակաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում Իրանին հաջողվել է արտահանել առնվազն 57 մլն բարել նավթ: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ ԱՄՆ-ն կրկին կսկսի արգելափակել իրանական նավահանգիստներ նավերի մուտքն ու ելքը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն մտադիր է ստանձնել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորի դերակատարումը և նավերից գանձել փոխադրվող բեռների արժեքի 20%-ի չափով վճար՝ անվտանգության ապահովման հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով:
Այս որոշումն ընդունվել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից մեկ ամսից էլ քիչ ժամանակ անց, որի արդյունքում վերականգնվել էր նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցով:
Այդ ժամանակահատվածում Իրանը կարողացել է օրական արտահանել առնվազն 2.2 մլն բարել նավթ, ինչը վերջին ժամանակների չափանիշներով բավական բարձր ցուցանիշ է։ Bloomberg-ը նշում է, որ մատակարարումների իրական ծավալները կարող էին նույնիսկ ավելի մեծ լինել, քանի որ երկիրը կարող է թաքցնել բեռնափոխադրումների վերաբերյալ տվյալները:
Նշված ծավալներում ներառված են ինչպես Իրանի արտահանման տերմինալներից իրականացված մատակարարումները, այնպես էլ Օմանի ծոցում գտնվող իրանական նավահանգիստներից մեկում արգելափակված տանկերներում պահվող նավթի խմբաքանակը:
Իրանական նավթի վերադարձը համաշխարհային շուկա նպաստել էր նավթի գների կտրուկ անկմանը՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև նախնական համաձայնագրի ստորագրումից հետո առաջին երկու շաբաթվա ընթացքում։ Սակայն երեկ՝ Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը վերսկսելու մասին Թրամփի հայտարարությունից հետո, նավթի գներն աճել են ավելի քան 9%-ով:
Աղբյուր՝ b24.am
