Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն առաջարկել է նոր առևտրային մոդել, որն ուղղված կլինի իրանական բնական գազի արտահանման ծավալների ընդլայնմանը դեպի Հայաստան:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպմանը Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեջադը հայտարարել է, որ առաջարկի իրականացման համար անհրաժեշտ է համակողմանիորեն գնահատել առկա ենթակառուցվածքները և Հայաստանը որպես տարածաշրջանային տարանցիկ միջանցք օգտագործելու միջոցով հայկական շուկայից դուրս գազի առևտրի ընդլայնման նպատակահարմարությունը:
Հանդիպմանը հայտարարվել է նաև, որ Հայաստանի Հանրապետությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը կստեղծեն համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ էներգետիկայի ոլորտում՝ կենտրոնանալով գազի առևտրի վրա:
Իրանի նավթի նախարարը հիշեցրել է, որ երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում գործող գործընկերությունը հիմնված է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման համաձայնագրի վրա:

Աղբյուր՝ aysor.am
