Bankomat

Իրանը և Հայաստանը համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն էներգետիկայի ոլորտում

Լուրեր | 2026/07/26 08:02

Իրանը և Հայաստանը համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն էներգետիկայի ոլորտում

Նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է իրանցի պաշտոնակցին

Աշխատանքային այցով Իրանում գտնվող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ, հայտնում է ՀՀ ՏԿԵ նախարարությունը:

Կողմերը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու, ինչպես նաև էներգետիկ ոլորտում առևտուրը ընդլայնելու հարցեր:

Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ, որը կզբաղվի էներգետիկ համագործակցության զարգացման նոր ուղղությունների ուսումնասիրությամբ և համատեղ նախաձեռնությունների մշակմամբ:

Ավելի վաղ իրանական Mehr-ը հայտնել էր, աշխատանքային խումբ կկենտրոնանա գազի առևտրի վրա:

Իրանի նավթի նախարարը նշել է, որ երկու երկրների միջև գործող էներգետիկ գործընկերությունը հիմնված է գազ էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման համաձայնագրի վրա:

Այնուամենայնիվ, ըստ նրա, Իրանը առաջարկել է նոր առևտրային շրջանակ, որը նպատակ ունի ընդլայնել բնական գազի արտահանումը:

IRNA-ի փոխանցմամբ էլ՝ Իրանի նավթի նախարարը հանդիպումից հետո Հայաստանը բնութագրել է որպես Իսլամական Հանրապետության «շատ լավ հարևաններից մեկը»՝ ընդգծելով, որ երկու երկրներն ունեն համագործակցության բազմաթիվ հնարավորություններ, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում, որոնք պետք է հետագայում զարգանան:

Հայկական կողմի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների, նավթարդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնման և փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Հուլիսի 19-ին Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ասել էր, որ մոտ ապագայում Իրանից Հայաստան գազամատակարման ծավալները կրկնապատկվելու են:

2009 թվականից սկսած Հայաստանը Իրանից գազ է ստանում և, ջերմակայանում այն վերածելով էլեկտրաէներգիայի, հետ է մատակարարում Իրանին:

Այս համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2026 թվականին:

Սակայն 2023-ի օգոստոսին Հայաստանն ու Իրանը երկարաձգեցին «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ժամկետը մինչև 2030 թվականը:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ