Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Իրան մեկնած Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը կիսում է Իրանի ժողովրդի վիշտը:

Նախագահ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել և նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բարձր է գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի Կառավարության որդեգրած դիրքորոշումը և ցուցաբերած մարդասիրական աջակցությունը:
«Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով և համոզմունք հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն հետևողականորեն զարգանալ ու ամրապնդվել:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ՝ կարևորելով խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը:
Ուշագրավն այն է, որ իրանական կողմի տարածած հաղորդագրությունն ու նախագահ Փեզեշքիանի խոսքում տեղ գտած առանցքային շեշտադրումները բացակայում էին ՀՀ կառավարության հաղորդագրությունից:
Իրանի նախագահը շեշտեց, որ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից և որոշվեն բացառապես երկու երկրների անկախ կամքով:
Նա նաև նշեց, որ տարածաշրջանայինից դուրս ուժերի առկայությունը հաճախ բարդացնում է տարածաշրջանային խնդիրները:
Վերահաստատելով Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքները՝ Փեզեշքիանը շեշտեց բոլոր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը:
Այս ամենը վկայում է, որ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպումը շատ ավելի լայն քաղաքական բովանդակություն ուներ, քան ընթացիկ հանդիպումն էր:
Աղբյուր՝ 168.am
