Bankomat

ՀՀ-ում կձևավորվի պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարանի կատալոգ

Լուրեր | 2026/07/17 02:02

ՀՀ-ում կձևավորվի պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարանի կատալոգ

Կառավարությունը հաստատել է տվյալների դասակարգման համակարգ ստեղծելու կարգը

Կառավարությունը հաստատել է Տվյալների դասակարգման համակարգ ստեղծելու և դրա կիրառման կարգը։ Այն կնպաստի Պետական տեղեկատվական համակարգում կիրառվող դասակարգիչների կառավարման, հաստատման, փոփոխման և չեղարկման ընթացակարգերի կանոնակարգմանն ու միասնականացմանը:

«Կառավարությունն ընդունել է «Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը ստեղծելու և դրա կիրառման կարգը հաստատելու մասին» որոշում։ Ըստ հիմնավորման՝ Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը (ՊՏՀ ԿՀ) կազմված է Պետական տեղեկատվական համակարգը կառավարող տեղեկատվական համակարգից և դրա կառավարման սկզբունքներից։ ՊՏՀ ԿՀ հիմնական նպատակն է ապահովել բավարար գործիքակազմ պետական տեղեկատվական համակարգի կառավարման համար, որով կապահովվի ՊՏՀ գործունեության թափանցիկությունը, ՊՏՀ զարգացման պլանավորումը, տվյալների շտեմարանների համապատասխանության վերահսկման գործառույթը։ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս բացակայում է ՊՏՀ ԿՀ, որը հանգեցրել է պետական մարմինների տեղեկատվական համակարգերի ոչ ստանդարտացված լուծումների և համահավասար զարգացման, ինչն էլ իր հերթին բերում է փոխգործելիության խնդիրների։ ՊՏՀ ԿՀ-ի նպատակն է երաշխավորել պետական հատվածի տեղեկատվական համակարգերի թափանցիկ, հավասարակշռված և արդյունավետ կառավարումն ու զարգացումը:

Ինչպես նշել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, որոշումները վերաբերում են թվային տվյալների մասով ստանդարտ սահմանելուն:

Փոխնախարարը հիշեցրել է, որ անցած տարվա վերջում ընդունվել է «Հանրային տեղեկությունների մասին» օրենքը, որի 20-րդ հոդվածը հստակ ձևակերպում է, թե ինչ ենթահամակարգեր էր պետք ստեղծել համակարգը աշխատեցնելու համար:

Գևորգ Մանթաշյանի խոսքով՝ այս համակարգերի փոխգործելիությունը և մի ստանդարտով իրար հետ շփվելը շատ կարևոր են, որպեսզի ճշգրիտ և առանց խափանումների տեղեկություններ փոխանակվեն համակարգերի միջև:

«Օրենքը, որը մենք ընդունում էինք, մի շատ կարևոր սկզբունք էր ամրագրում՝ «տվյալը մեկ անգամ» գաղափարը, որը նշանակում էր, որ եթե մի տեղեկություն որևէ պետական տեղեկատվական համակարգում արդեն իսկ ներկայացվում է, երկրորդ անգամ պետք չէ այն ներկայացնել։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, կարևոր է, որ մի ստանդարտով լինեն այդ տեղեկությունները։ Այս որոշումով մենք այդ ստանդարտն ենք ձևակերպում, թե ինչ ձևով պետք է լինի, ինչ ձևաչափով պետք է տեղեկությունները հավաքագրվեն»,- նշել է փոխնախարարը:

Մհեր Գրիգորյանը նշել է, որ անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների համագործակցությունը՝ անհրաժեշտ աշխատանքներն իրականացնելու և արդյունքներ արձանագրելու համար:

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ