Հուլիսի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Անուշիկ Ավետյանը հանդիպել են Օմանի Սուլթանության «KV Group» ընկերության տնօրեն Աբդուլ Վահիդիի և փոխնախագահ Մուհամմադ Ալ Բալուշիի հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաև Օմանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը: Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, ինչպես նաև հայկական թարմ պտուղբանջարեղենի՝ Օմանի շուկա արտահանման հնարավորությունները:
Արման Խոջոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության արտահանման խթանման քաղաքականությունը՝ ընդգծելով Պարսից ծոցի երկրների հետ համագործակցության ընդլայնման կարևորությունը, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանի ինտենսիվ այգեգործության և ջերմատնային տնտեսությունների ներուժը:
«KV Group»-ի ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել Հայաստանից թարմ պտուղբանջարեղենի ներմուծման հարցի վերաբերյալ:
Այցի շրջանակում նրանք կայցելեն Հայաստանի մի շարք այգեգործական և ջերմատնային տնտեսություններ՝ տեղում ծանոթանալու արտադրանքին և արտահանման հնարավորություններին:
Աղբյուր՝ mineconomy.am
