Bankomat

Հայկական վարդերը փորձել են ՌԴ տանել որպես ոչ ալկոհոլային խմիչք

Լուրեր | 2026/07/28 10:02

Հայկական վարդերը փորձել են ՌԴ տանել որպես ոչ ալկոհոլային խմիչք

Ռոսսելխոզնադզորն արգելափակել է հայկական ծաղիկների ներկրումը

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելափակել է Բելառուսից հայկական ծագման ծաղիկների ներկրումը, որոնք ուղեկցվել են կեղծված փաստաթղթերով:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, օրեր առաջ՝ հուլիսի 23-ին Սմոլենսկի մարզում՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի՝ Բրյանսկի, Սմոլենսկի և Կալուգայի մարզերի վարչության վերահսկողությամբ ոչնչացվել է Հայաստանից ներկրված թարմ կտրած վարդերի խոշոր խմբաքանակ։ Այս միջոցառումն իրականացվել է Ռուսաստան կարգավորվող արտադրանքի ներկրման կանոնների կոպիտ խախտումների պատճառով:

Նշվում է, որ դեռ հունիսի 18-ին գործակալության տեսուչները՝ Սմոլենսկի մաքսատան աշխատակիցների հետ համատեղ, կասեցրել են 39 200 ծաղկից բաղկացած խմբաքանակի տեղափոխումը:

Բեռը տեղափոխող տրանսպորտային միջոցը վարել է Բելառուսի քաղաքացի, իսկ փոխադրումն իրականացվում էր Մինսկի մարզից դեպի Մոսկվա։ Սակայն փոխադրողը ուղեկցող փաստաթղթերում բեռը հայտարարագրել էր որպես ոչ ալկոհոլային տոնիկ ըմպելիքներ:

«Բեռնախցիկի զննման ընթացքում հայտնաբերվել են ծաղիկներ, որոնք չեն ունեցել անհրաժեշտ ֆիտոսանիտարական և փոխադրման փաստաթղթեր։ Մակնշման պահպանված հատվածները վկայում էին, որ ապրանքը ծագումով Հայաստանից:

2026 թվականի հունիսի 12-ին «Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել Հայաստանից ծագող և այնտեղից առաքվող՝ կարգավորման ենթակա արտադրանքի՝ Ռուսաստան ներկրման, ինչպես նաև դրա տարածքով տարանցման նկատմամբ:

Ռուսական շուկա նշված տեսակի ապրանքների ներմուծման արգելքի, ինչպես նաև դրանց անվտանգությունը և տեղափոխման օրինականությունը հաստատող փաստաթղթերի բացակայության պատճառով «Ռոսսելխոզնադզոր»-ի վարչությունը կարգադրել է ոչնչացնել վարդերի տվյալ խմբաքանակը:

Փոխադրողը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ Ռուսաստանի Դաշնության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 10.2-րդ հոդվածի համաձայն:

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ