Հայաստանի Հանրապետությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում տնտեսավարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգը հաստատելու մասին» և «Եվրոպական Միության առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցման համար ձկնաբուծական տնտեսություններին կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպություններին կամ ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները հաստատելու» Կառավարության որոշումները:
Այս որոշումները ռազմավարական կարևոր քայլ են դեպի Եվրոպական Միության շուկա հայկական արտադրանքի արտահանման իրավական հիմքերի ապահովման և նոր հնարավորությունների ստեղծման ճանապարհին:
2025 թվականի մարտի 16-ից Հայաստանը պաշտոնապես թույլտվություն է ստացել ջրային կուլտուրաների՝ թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքը արտահանել Եվրոպական Միության երկրներ:
ԵՄ երկրներ ձուկ կամ ձկնամթերք արտահանելու համար պարտադիր պայման է հանդիսանում տնտեսավարող սուբյեկտի Եվրոպական Միության Առևտրի վերահսկման և փորձագիտական (TRACES) համակարգում գրանցված լինելը:
Այս կարգի հաստատումը տնտեսավարողների համար սպասված և անհրաժեշտ գործիքակազմ է, որը թույլ կտա կյանքի կոչել ստացված արտահանման թույլտվությունը:
Հայկական ձկնաբուծական արտադրանքը հնարավորություն կունենա դուրս գալ բարձր գնողունակություն ունեցող եվրոպական շուկա:
Աղբյուր՝ mineconomy.am
