ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այցի շրջանակում նախարարն այսօր հանդիպել է ԻԻՀ փոխնախագահ, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ:
Նախարարը բարձր է գնահատել ԻԻՀ–ի հետ բազմաոլորտ համագործակցությունը: Խուդաթյանն ընդգծել է՝ Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ընդլայնման և փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր։ Նախարար Խուդաթյանը կարևորել է Քաջարան–Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքը, ինչպես նաև Քաջարանի թունելի շինարարության մեկնարկը, որը տրվել է ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի՝ հունիսին Հայաստան կատարած այցի շրջանակում:
ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին, իր հերթին, կարևորել է նաև ՀՀ–ԻԻՀ միջկառավարական հանձնաժողովի դերը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացման գործում:
Աղբյուր՝ www.1in.am
