Ուկրաինական հարվածների թիրախում հայտնված Wildberries-ի լոգիստիկ կենտրոններում են նաև հայ վաճառողների ապրանքները: Ավելի քան 10 հազար հայաստանցի տնտեսվարող է այս հարթակում վաճառք իրականացնում: Հիմա վնասներն են հաշվում, րոպե առ րոպե փոխհատուցման լուրի սպասում:
«Հստակ պատասխան չեն տվել, թե ոնց կփոխհատուցեն: Վնասները գնահատում եմ մոտավորապես մեկուկես միլիոն դրամ ու ավել», - ասաց, մասնավորապես, Wildberries-ում արծաթյա զարդեր վաճառող Գուրգեն Թադևոսյանը:
Ուկրաինան վերջին օրերին անօդաչու թռչող սարքերով մի քանի անգամ հարվածել է Ռուսաստանի խոշորագույն առցանց առևտրային հարթակի լոգիստիկ կենտրոններին։ Թիրախավորվել է ընկերության առնվազն չորս լոգիստիկ կենտրոն:
Հարվածների հետևանքով պահեստներում խոշոր հրդեհներ են բռնկվել։ Ռուսական իշխանությունների տվյալներով՝ զոհվել է 8 մարդ, ավելի քան 80-ը վիրավորվել է: Ամենաշատը վնասվել է մերձմոսկովյան Էլեկտրոստալի՝ Wildberries-ի ամենամեծ բաշխիչ կենտրոններից մեկը:

Wildberries-ում վաճառք իրականացնող հազարավոր ռուս վաճառողների համար սա աղետալի վիճակ է ստեղծել, ոմանք ապրուստի հիմնական միջոցն են կորցրել:
Կիևը պնդում է, որ այդ պահեստներն օգտագործվել են ոչ միայն քաղաքացիական ապրանքների, այլև ռուսական ռազմարդյունաբերությանը մատակարարվող բաղադրիչների պահեստավորման և տեղափոխման համար։ Ռուսաստանը և Wildberries-ը հերքում են այդ մեղադրանքները՝ պնդելով, որ խոսքը բացառապես քաղաքացիական ենթակառուցվածքի մասին է:
Ուկրաինական հարվածներից ամենաշատը վնասվել է Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքում գտնվող Wildberries-ի խոշորագույն լոգիստիկ կենտրոնը, որի տարածքը շուրջ 188 հազար քառակուսի մետր է։ Հայ վաճառողները նաև այս պահեստում ապրանքներ ունեին:
«Կրասնոդարը նոր է եղել, դեռ չեմ հասցրել ուսումնասիրել, 2 միլիոն 700 հազար դրամի մասին է խոսքը: Կոնկրետ իմ մասով՝ ես ինքս ներկա պահին ունեմ յոթ պահեստում պահեստավորված ապրանքներ, որից երկուսը ներկա դրությամբ չկան, այսինքն՝ հիմա էնտեղ իմ հույսը մնացել են հինգ պահեստները:
Օրերս Wildberries-ը պայմանագրում մի կետ էր ավելացրել, ըստ որի՝ պատերազմի հետևանքով վնասված կամ ոչնչացած ապրանքների համար փոխհատուցում չի տրամադրելու, քանի որ նման դեպքերը դասվում են ֆորսմաժորային հանգամանքների շարքին:
Դոնարա Գրիգորյանն ասում է՝ պետք է միավորվեն նաև հայ սելլերները, որ իրենց ձայնն էլ լսելի լինի:
Աղբյուր՝ www.azatutyun.am
