Bankomat

ՀԱՊՀ-ն ամփոփում է ձեռքբերումները․ նոր փուլ «Ֆիլիպ Մորրիս Հայաստան»-ի հետ գործընկերության շրջանակում

Լուրեր | 2026/07/11 20:22

ՀԱՊՀ-ն ամփոփում է ձեռքբերումները․ նոր փուլ «Ֆիլիպ Մորրիս Հայաստան»-ի հետ գործընկերության շրջանակում

ՀԱՊՀ-ն երկարաձգել է համագործակցության պայմանագիրը «Ֆիլիպ Մորրիս Հայաստան»-ի հետ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) անցկացրել է ուսումնական տարվա ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում ներկայացվել են համալսարանի տարվա ձեռքբերումները, պարգևատրվել աշխատակիցներն ու գործընկերները, ինչպես նաև ազդարարվել են զարգացման նոր ծրագրերը։ Միջոցառման կարևորագույն իրադարձություններից մեկն էլ ՀԱՊՀ-ի և «Ֆիլիպ Մորրիս Հայաստան» ընկերության միջև համագործակցության պայմանագրի հինգ տարով երկարաձգումն էր, որը նախատեսում է կրթական, գիտահետազոտական և ենթակառուցվածքային նոր նախաձեռնությունների իրականացում։

Բացման խոսքով հանդես եկած ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց դասախոսական, վարչական և սպասարկող անձնակազմին՝ ընդգծելով, որ համալսարանի հաջողությունների հիմքում թիմային աշխատանքն է։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին Պոլիտեխնիկը հետևողականորեն ձևավորում է ժամանակակից կորպորատիվ մշակույթ և իրականացնում այնպիսի ռազմավարություն, որի նպատակն է համալսարանը դարձնել Հայաստանի տեխնոլոգիական գիտության և կրթության առաջատար կենտրոնը։

Ռեկտորը հիշեցրեց, որ 2026 թվականը համալսարանի համար կարևոր փուլ է. ընդունվել է զարգացման նոր ռազմավարությունը, ներկայացվել է բրենդային նոր ինքնությունը, իսկ համալսարանի առաջնահերթությունները շարունակում են մնալ մրցունակ կրթությունը, գիտահետազոտական գործունեությունն ու միջազգային համագործակցության ընդլայնումը։

Միջոցառման առանցքային իրադարձությունը ՀԱՊՀ-ի և «Ֆիլիպ Մորրիս Հայաստան» ընկերության համագործակցության պայմանագրի հինգ տարով երկարաձգումն էր։ Կողմերը շարունակելու են 2019 թվականին մեկնարկած համագործակցությունը՝ վերահաստատելով կրթության, գիտության և մասնավոր հատվածի միջև ձևավորված արդյունավետ գործընկերությունը։

Համագործակցության հիմքերը դրվել էին դեռևս 2017 թվականին, երբ «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ» ընկերությունը Հայաստանի կառավարության հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր՝ հետազոտությունների, նորարարության և կրթության ոլորտներում համագործակցելու նպատակով։ 2018 թվականին ստեղծվեցին ծրագրի իրականացման իրավական հիմքերը, իսկ 2019 թվականին «Ֆիլիպ Մորրիս Հայաստան»-ն համալսարանի 13-րդ մասնաշենքում հիմնեց PMI Science գիտահետազոտական կենտրոնը՝ գիտությունը, կրթությունը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը մեկ հարթակում միավորելու նպատակով։

PMI Science գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Գուրգեն Մարդոյանի խոսքով՝ ստորագրված փաստաթուղթը նոր համագործակցության սկիզբ չէ, այլ տարիների ընթացքում ձևավորված հաջող գործընկերության շարունակություն։ Նա ընդգծեց, որ Պոլիտեխնիկի հետ իր կապը չի ընդհատվել դեռևս 2004 թվականից, և ուրախ է, որ այսօր շարունակում է մասնակցել համալսարանի զարգացմանը։

Վեց տարվա ընթացքում համագործակցությունը զգալիորեն ընդլայնվել է։ «Ֆիլիպ Մորրիս Հայաստան»-ն ֆինանսավորել է գիտական թեմաներ և հետազոտական ծրագրեր, աջակցել միջազգային հավատարմագրման և արդյունաբերական դոկտորական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև ներդրումներ կատարել համալսարանի ենթակառուցվածքների զարգացման գործում։

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով՝ համագործակցության այս փուլը նախորդ տարիներին համատեղ իրականացված աշխատանքի տրամաբանական շարունակությունն է։ Նա հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ գործընկերների հետ պատկերացնում էին ժամանակակից համալսարանական միջավայր, իսկ այսօր այդ տեսլականն արդեն իրականություն է դարձել։

Նոր համաձայնագրով նախատեսվում է ամբողջությամբ վերակառուցել համալսարանի 13-րդ մասնաշենքի առաջին և կիսանկուղային հարկերը, որտեղ ուսանողների համար կստեղծվի ժամանակակից ուսանողական սննդի գոտի։ Նախագծի շրջանակում շենքը ոչ միայն հիմնովին կվերանորոգվի, այլև կամրացվի՝ ապահովելով ժամանակակից անվտանգության պահանջները։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ