Հանքարդյունաբերության մրցունակության բարձրացումը, արտադրական գործընթացների թվայնացումը, արհեստական բանականության և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը դարձել են Seaside Startup Summit-ի շրջանակում անցկացված Mining Innovation Summit-ի առանցքային թեմաները։ Համաժողովը մեկ հարթակում համախմբել էր հանքարդյունաբերության, տեխնոլոգիական ոլորտի, ստարտափ էկոհամակարգի, պետական կառույցների և միջազգային գործընկերների ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանի տնտեսության երկու կարևոր ուղղությունների համագործակցության նոր հնարավորությունները:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի խոսքով՝ մարդկության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է պատկերացնել առանց մետաղների, իսկ դրանց արդյունավետ և պատասխանատու օգտագործման կարևոր բաղադրիչը թվային տեխնոլոգիաների ներդրումն է:
«Հայաստանն ունի ներուժ, մենք ընդերքով հարուստ երկիր ենք, և այդ ներուժը պետք է ճիշտ օգտագործենք՝ ի շահ մեր պետության, ի շահ մեր տնտեսական զարգացման։ Ինչպես ցանկացած արդի ոլորտ, հանքարդյունաբերությունն էլ, բնականաբար, առանց թվային տեխնոլոգիաների անհնար է աշխատի»,-ասաց Ջհանյանը:
ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ, թվայնացման գծով տնօրեն Սադըկ Ազիմովը վստահ է, որ հանքահարստացման ոլորտում նույնիսկ փոքր սխալը կարող է զգալի տնտեսական հետևանքներ ունենալ, ուստի արտադրական գործընթացների կառավարման, որակի վերահսկման և ռեսուրսների պլանավորման թվային համակարգերը դարձել են ռազմավարական անհրաժեշտություն:
«Հանքարդյունաբերության ոլորտը նաև պատրաստ է ներդրումներ կատարել տեխնոլոգիաներում, քանի որ այն այդ տեխնոլոգիաների խոշոր սպառողներից է, և դրանց կիրառումը չափազանց կարևոր է ոլորտի համար»,-նշեց Ազիմովը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը նշեց, որ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ոչ միայն ներկայացնել հանքարդյունաբերության դերը Հայաստանի տնտեսության մեջ, այլև նորարարական գաղափարներ ներգրավել ոլորտ:
«Սա լավ հարթակ է նորարարական ստարտափներ և գաղափարներ առաջարկելու, որոնք հետագայում կարող են զարգանալ և էապես նպաստել հանքարդյունաբերության թվային զարգացմանը»,-կարծում է Վարդանյանը:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արդեն լայնորեն կիրառում է թվային տեխնոլոգիաներ՝ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
«Հանքարդյունաբերության ոլորտում մենք բավականին լավ արդյունքներ ունենք այն իմաստով, որ խախտումներն ավելի քիչ են արձանագրվում»,-ասաց նա:
«Լիդիան Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ևս կարևորեց տեխնոլոգիաների դերը՝ նշելով, որ տվյալների հավաքագրումը, շրջակա միջավայրի մոնիթորինգը և թվային լուծումների ներդրումն արդեն դարձել են ժամանակակից հանքարդյունաբերության անբաժանելի մասը:
Mining Innovation Summit-ի գլխավոր գործընկերն է ԶՊՄԿ-ն:
Seaside Startup Summit-ը մեկնարկել է հուլիսի 27-ին և մեկ շաբաթ շարունակ Սևանի ափին կհամախմբի ստարտափների, Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, բիզնեսի և ներդրումային համայնքի ներկայացուցիչներին:
Աղբյուր՝ armenpress.am
