Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինայի համար 50 հազար հարվածային անօդաչու սարքերի գնումը, ինչը կդառնա Կիևին արևմտյան երկրների կողմից այս տեսակի սպառազինության հայտնի ամենախոշոր մատակարարումներից մեկը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հարցին ծանոթ աղբյուրին:
Խոսքը ուկրաինական SkyFall ընկերության արտադրած Shrike FPV-դրոնների մասին է։ Անօդաչու սարքերը հագեցած են ամերիկյան պաշտպանական տեխնոլոգիական Auterion ընկերության ծրագրային ապահովմամբ, որը թույլ է տալիս թռիչքի վերջին փուլում ինքնուրույն հետևել և խոցել շարժվող թիրախները:
Auterion-ի ղեկավար Լորենց Մայերը հաստատել է պայմանագրի ծավալը՝ դրա արժեքը գնահատելով մոտ 90 մլն եվրո (մոտ 103 մլն դոլար)։ Ըստ նրա, ֆինանսավորումը տրամադրվել է եվրոպական երկրներից մեկի կողմից։ Դրոնների մի մասն արդեն փոխանցվել է Ուկրաինային, մնացածը պետք է մատակարարվի մինչև տարեվերջ:
SkyFall ընկերությունը հաստատել է գործարքում Գերմանիայի մասնակցությունը, սակայն հրաժարվել է բացահայտել մանրամասները։ Գերմանիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունները չեն մեկնաբանել տեղեկությունը՝ հղում անելով օպերատիվ անվտանգության հարցերին:
Shrike դրոնները ուկրաինական ուժերի կողմից օգտագործվում են 2023 թվականից։ Վերջերս դրանց մոդիֆիկացիաներից մեկը՝ Shrike 10-F-ը, որը մշակվել է SkyFall-ի և բրիտանական Skycutter ընկերության համատեղ, զբաղեցրել է առաջին տեղը Պենտագոնի համար էժան հարվածային անօդաչու սարքերի ընտրության ամերիկյան մրցույթի առաջին փուլում:
Auterion-ի ղեկավարը հայտնել է, որ իր ընկերությունն այս տարվա ընթացքում մի քանի արտադրողների հետ համագործակցությամբ մասնակցում է Ուկրաինայի համար շուրջ 100 հազար անօդաչու սարքերի մատակարարմանը։ Դրանց թվում է Պենտագոնի 50 մլն դոլարի պայմանագիրը, որը նախատեսում է 33 հազար դրոնի մատակարարում, որոնք, ինչպես պնդվում է, արդեն փոխանցվել են Կիևին:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան հայտարարել էր 2026 թվականին Ուկրաինային 150 հազար անօդաչու սարք տրամադրելու ծրագրերի մասին՝ 752 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ ավելի խոշոր ռազմական օգնության փաթեթի շրջանակում:
Աղբյուր՝ 168.am
