Bankomat

Եվրահանձնաժողովը Google-ին 890 միլիոն եվրոյի տուգանք է սահմանել ԵՄ թվային շուկաների մասին օրենքը խախտելու համար

Լուրեր | 2026/07/24 16:45

Եվրահանձնաժողովը Google-ին 890 միլիոն եվրոյի տուգանք է սահմանել ԵՄ թվային շուկաների մասին օրենքը խախտելու համար

Եվրահանձնաժողովը Google-ին տուգանք է սահմանել մրցակցային օրենքների խախտման համար

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հայտարարել է Google-ի նկատմամբ ընդհանուր 890 միլիոն եվրոյի տուգանք կիրառելու մասին՝ Թվային շուկաների մասին օրենքի (Digital Markets Act, DMA) պահանջները խախտելու համար:

ԵՀ-ի հաղորդագրության համաձայն՝ Google-ը խախտել է DMA-ն՝ նախապատվություն տալով սեփական ծառայություններին Google Search-ի որոնման արդյունքներում, ինչպես նաև սահմանափակելով այն ընկերություններին, որոնք օգտատերերին ուղղորդում էին դեպի Google Play-ից դուրս գործող այլընտրանքային, հաճախ ավելի էժան գնման հարթակներ:

Այս խախտումների համար Եվրահանձնաժողովը ընկերությանը սահմանել է համապատասխանաբար 460 միլիոն եվրո և 430 միլիոն եվրո տուգանք:

ԵՀ-ի գործադիր փոխնախագահ, ԵՄ տեխնոլոգիական ինքնիշխանության հարցերով պատասխանատու Հեննա Վիրկունենը հայտարարել է, որ որոշումները հաստատում են DMA-ի կիրառման վճռականությունը՝ բիզնեսն ու նորարարությունը պաշտպանելու նպատակով:

Նրա խոսքով՝ Google-ը վնասում է մրցակից ծառայություններին՝ ներառյալ գնումների, հյուրանոցների, տրանսպորտի և սպորտային արդյունքների հարթակներին, քանի որ որոնման արդյունքներում նրանց չի ապահովում նույն տեսանելիությամբ, ինչ սեփական ծառայություններին:

Բացի այդ, ընկերությունը սահմանափակել է հավելվածների մշակողների հնարավորությունը՝ հաճախորդներին ավելի շահավետ առաջարկներ ներկայացնելու Google Play-ից դուրս:

ԵՀ-ի գործադիր փոխնախագահ Թերեզա Ռիբերան, որը պատասխանատու է մրցունակության հարցերի համար, նշել է, որ Google-ը չի ապահովել Թվային շուկաների մասին օրենքի արդյունավետ կատարումը, ուստի ընդունվել են «վճռական, բայց հավասարակշռված» միջոցներ:

Նրա խոսքով՝ լավագույն ծառայությունները պետք է հաջողեն իրենց որակի, այլ ոչ որոնողական համակարգի սեփականատիրոջ առավելության շնորհիվ:

Եվրոպացի սպառողները պետք է հնարավորություն ունենան տեղեկանալ առավել շահավետ առաջարկների մասին՝ անկախ նրանից, թե Google Play-ը դրանցից միջնորդավճար ստանում է, թե ոչ:

Եվրահանձնաժողովը պարտավորեցրել է Google-ին 60 օրվա ընթացքում վերացնել խախտումները:

Եթե Google-ը չկատարի որոշումները սահմանված ժամկետում, Բրյուսելը զգուշացրել է, որ ընկերությանը կարող են սպառնալ պարբերական տուգանքներ՝ մինչև համաշխարհային տարեկան շրջանառության 5%-ի չափով:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ