Bankomat

Երևանն ու Թեհրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունը

Լուրեր | 2026/07/27 01:02

Երևանն ու Թեհրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունը

Նախագծի իրականացումը կբարձրացնի տրանսպորտային թողունակությունը

Երևանն ու Թեհրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցեր, հայտնում է Հայաստանի տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությունը:

Իրանում գտնվող ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ու ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար տիկին Ֆարզանե Սադեղը հանդիպմանը նշել են, որ դրա իրականացումը կբարձրացնի երկու երկրների միջև տրանսպորտային թողունակությունը և կնպաստի տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը:

Նրանք պայմանավորվել են ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալների ավելացման ուղղությամբ:

Խուդաթյանը գոհունակությամբ արձանագրել է Քաջարան–Ագարակ ճանապարհահատվածի շինարարության առաջընթացը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, որը համակարգում է ճանապարհաշինության ոլորտը, և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը:

Նախօրեին էլ Խուդաթյանը հանդիպել էր Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ: Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ, որը կզբաղվի էներգետիկ համագործակցության զարգացման նոր ուղղությունների ուսումնասիրությամբ և համատեղ նախաձեռնությունների մշակմամբ:

Իրանի նախարրարն առաջարկել է նոր առևտրային շրջանակ, որը նպատակ ունի ընդլայնել բնական գազի արտահանումը:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ