Երևանի խցանումները Հայաստանի տնտեսության վրա տարեկան արժենում են մոտ 200-300 միլիոն դոլար։ Այս մասին հայտարարել է Մանթաշյանց գործարարների ակումբի համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը:
Նրա խոսքով, շատ երկրների և քաղաքների համար խցանումների տնտեսական վնասը գնահատվում է ՀՆԱ-ի մոտ 1–2%-ի սահմաններում։ Որոշ դեպքերում տրանսպորտի վատ կազմակերպումը կարող է հասցնել մինչև ՀՆԱ-ի 4-5 տոկոսի չափով տնտեսական վնաս:
Երևանի մշտական բնակչությունը 2025 թվականի սկզբին եղել է մոտ 1.148 մլն մարդ, իսկ Հայաստանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 303,140 դրամ:
Վահրամ Միրաքյանը նշել է, որ խցանումների պատճառով կորցրած ժամանակը, ավելորդ վառելիքի ծախսերը և մեքենաների մաշվածությունը տարեկան մոտ 59 մլրդ դրամի վնաս են պատճառում տնտեսությանը, իսկ ծանր սցենարի դեպքում՝ մինչև 110 մլրդ դրամ:
Այսպիսով, խցանումների դեմ պայքարը պետք է դիտարկել որպես երկրի արտադրողականության, մրցունակության և տնտեսական աճի հարց:
Աղբյուր՝ www.aravot.am
