Երևան-Մոսկվա լարված հարաբերությունները ավելի են սրվում: Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո վարչապետ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե Հայաստանի դեմ տնտեսական սահմանափակումների հետևանքով Եվրասիական միության ճակատագիրն է կասկածի տակ:
«Մենք հիմա բոլորս արձանագրում ենք, որ այդ պրոբլեմը Հայաստանինն է, բայց այդ պրոբլեմը Հայաստանինը չէ, դա ԵԱՏՄ պրոբլեմն է, որովհետև փաստացի ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կաթվածահար է ու չի աշխատում: Եթե այս հարցն արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը», - ասաց Փաշինյանը:
ԵԱՏՄ-ում, այնինչ, Հայաստանի դեմ հայտարարություն են ընդունել՝ պահանջելով հստակ ընտրություն կատարել՝ Երևանը մնում է տնտեսական այդ դաշինքո՞ւմ, թե՞ եվրոպական ուղին է բռնում:
Հայաստանյան նախընտրական քարոզչության օրերին Ռուսաստանը արգելեց հայկական ծագման ապրանքների ներմուծումը՝ պատճառաբանելով սանիտարական, անվտանգության խնդիրներով: Եվ մինչ Երևանը ամենաբարձր մակարդակով միջնորդում է վերջ տալ այս քաղաքականությանը, Մոսկվան ընդլայնում է արգելված արտադրանքի տեսականին:
Միաժամանակ ռուսներն ամենօրյա ռեժիմով խոսում են արտաքին կողմնորոշման հարցով հանրաքվեի մասին՝ ակնկալելով, որ Երևանը ամենամոտ ժամկետում ժողովրդական քվեարկության կդնի՝ «Եվրոպակա՞ն, թե՞ Եվրասիական միություն» հարցը:
«Վերջնաժամկետների հետ կապված խոսույթն անընդունելի, մեր ինքնիշխան իրավունքների հետ կապված մենք ինքներս ենք որոշումներ կայացնում», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հիշեցնում է, որ ռուս գործընկերոջը վերջին հեռախոսազրույցում ասել է՝ հանրաքվե կնշանակվի միայն, երբ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության դիմումը պաշտոնապես կմուտքագրվի:
Աղբյուր՝ www.azatutyun.am
