ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնության կգան Հայաստանի համար ԵՄ նոր առաքելության ստեղծման շուրջ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը:
«Մենք նաև համաձայնության ենք գալու Հայաստանի համար նոր գործընկերային առաքելության շուրջ՝ պայքարելու հիբրիդային սպառնալիքների և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի ու միջամտության դեմ, որոնց նրանք իրականում բախվում են այնտեղ»,- այսօր Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչը:
Բրյուսելից «Ազատության» աղբյուրներն ավելի վաղ հայտնել էին, որ Հայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում հորդորել է Եվրամիության երկրներին արագացնել քայլերը՝ աջակցելու Հայաստանին ռուսական վերջին սահմանափակումների ֆոնին:
«Դրական և կարևոր հանդիպում էր՝ Ռուսաստանի հիբրիդային ու առևտրային հարձակումներին հակազդելու համար»,- «Ազատությանն» ասել էր հանդիպումներին ներկա եվրոպացի դիվանագետներից մեկը:
Ավելի վաղ Եվրամիության արտաքին գործերի նախարարները «կանաչ լույս» էին վառել Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության մեկնարկին, որը պետք է օգնի Երևանին պայքարել հիբրիդային սպառնալիքների՝ ընտրական գործընթացների օտարերկրյա մանիպուլացիաների, կիբեռհարձակումների և անօրինական քաղաքական ֆինանսավորման դեմ:
Աղբյուր՝ www.azatutyun.am
